Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում նկատելի առաջընթաց է գրանցվել: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին` Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համատեղ հանձնաժողովի նիստից առաջ, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ հանդիպումից հետո պատվիրակությունները կվերադառնան մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների համար: Նա նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ձեռք է բերվել «լավ եւ նկատելի առաջընթաց», մնում են մի քանի առանցքային խնդիրներ, որոնք պահանջում են հետագա ուսումնասիրություն եւ որոշումների կայացում՝ մայրաքաղաքներում:

«Հուսով ենք, որ դա տեղի կունենա առաջիկա մի քանի օրերի ընթացքում, որպեսզի մենք կարողանանք լուծել այս խնդիրները, երբ անցնենք բանակցությունների հաջորդ փուլին»:

«Իրավիճակը շատ լարված էր: Բոլոր մակարդակներում մենք անցկացրել ենք տարբեր պատվիրակությունների միջեւ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով տարատեսակ հանդիպումներ՝ փորձագետների մակարդակով: Այս քննարկումների ընթացքում մենք փորձել ենք լուծել կամ նվազեցնել տարաձայնությունները մի շարք հարցերի շուրջ»: