Ավելի մեծ հարված ներդրումային քաղաքականությանը, դժվար է հորինել: Այս մասին առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ մայիսի 18-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հնքի շահագործման խնդրին:

«Լիդիանի, Ամուլսարի օրինակը, նույնիսկ բնապահպանական հարցերը մի կողմ դնենք, տեսեք՝ ինչ է կատարվել: Մի խումբ քաղաքացիներ, միգուցե արդարացիորեն, փակել են ճանապարհը եւ բլոկել են խոշոր ներդրումային ծրագիրը: Հիմա եթե բնապահպանական հարցեր կան, դա պետք է պետությունը աներ, ոչ թե մի խումբ քաղաքացիներ: Պետք է պատրաստ լինեին մտնել դատարան, իրավական ընթացակարգերով շարժվել առաջ: Բայց երբ պետությունը ոչինչ չի անում եւ մի խումբ քաղաքացիներին մի քանի հարյուր մլն դոլարի ներդրումային ծրագիրը շատ հանգիստ խաթարում են, եւ պահում են դա երկար ժամանակ, դա նորմալ երեւույթ չէ: Ոչ ոք այստեղ չի գա: Ուրեմն յուրաքանչյուր բիզնես մի խումբ մարդիկ կարող են գնալ, կանգնեցնել: Ես վստահ եմ, որ միգուցե բնապահպանները հիմքեր ունեն դա անելու, բայց եթե կան, պետությունը պետք է իր խոսքն ասի:

Ավելի մեծ հարված ներդրումային քաղաքականությանը, դժվար է հորինել: Ոնց որ խնդիր դնենք, ասենք՝ առաջարկ տվեք, թե ոնց անենք, որ Հայաստանը որպես ներդրումների համար երկիր, քարտեզից հանվի»,-ասաց Քոչարյանը: