Բրիտանական հետախուզության ղեկավար Քեն Մակքալումը հայտարարել է, որ Facebook-ը «անվճար անցաթուղթ» է տալիս ահաբեկիչներին, տեղեկացնում է Independent-ը։

Մակքալումը նախազգուշացրել է, որ Մարկ Ցուկերբերգի ծրագրերը թույլ են տալիս ահաբեկիչներին ահաբեկչություններ պլանավորել՝ տեսանելի չլինելով անվտանգության ծառայությունների համար։ «Բանն այն է, որ Կալիֆոռնիայում ընդունվող որոշումները նույնքան կարեւոր են մեր աշխատանքը կատարել կարողանալու համար, որքան եւ Աֆղանստանում կամ Սիրիայում ընդունված որոշումները, հատկապես ծածկագրման առումով»,- ասել է նա։

Նրա խոսքով, եթե հետախուզությունը տեղեկատվություն ունենար, որ ինչ-որ մեկը ռումբ է հավաքել կամ այդ մասին տեսանյութ է նկարահանում իր հյուրասենյակում, նա կկարողանար նրան ձերբակալելու օրդեր ստանալ ներքին գործերի նախարարից ու ավագ դատավորից։ «Եթե դուք ծածկագիր ունեք լռելյայն, առանց որեւէ միջոցի այն բացելու համար, դուք փաստացի ահաբեկիչներին կամ այն մարդկանց, ովքեր սեռական բռնություն են կազմակերպում երեխաների հանդեպ ինտերնետով, անվճար անցաթուղթ եք տալիս, քանի որ նրանք գիտեն, որ ոչ ոք չի կարող տեսնել, թե ինչ են անում իրենք իրենց հյուրասենյակներում»։

M-15-ի ղեկավարը հավաստիացրել է, որ հետախուզությունը մտադիր չէ ստեղծել «դիտորդ պետություն»՝ «տեսախցիկով ամեն մեկի հյուրասենյակում»։ «Ինչը մեզ իսկապես պետք է, այն է, որպեսզի հազվադեպ դեպքերում, երբ կա լուրջ անհանգստություն, երբ պետական քարտուղարը եւ ավագ դատավորը համաձայնում են, որ այդ տեղեկատվության հասանելիությունն անհրաժեշտ է եւ չափակցված, ընկերությունները ստեղծեն մեզ համար իրենց հետ համատեղ աշխատանքի միջոցներ  այդ տեղեկատվության բովանդակությունն ստանալու համար»։