Համացանցում անհայտ կորած արքայադուստր Լատիֆային նման կնոջ  երկու լուսանկար է հայտնվել, ում, ինչպես համարվում է, իր կամքին հակառակ պահում է սեփական ընտանիքը: Լուսանկարներն արվել են այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը համոզիչ ապացույցներ պահանջեց, որ Դուբայի էմիր Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մակթումի դուստրը ողջ է, հայտնում է «Լենտա»-ն` վկայակոչելով The Guardian-ը:

Շիոնեդ Թեյլորի կողմից Instagram-ում տեղադրված լուսանկարներից մեկում երեւում է, որ երեք կին նստած են Դուբայի առեւտրի կենտրոններից մեկի կինոթատրոնի մոտ: Հետեւի պլանում երեւում է մայիսի 13-ին Դուբայում թողարկված ֆիլմի գովազդը:

Պարբերականը նշում է, որ եթե լուսանկարում պատկերված կնոջ ինքնությունը հաստատվի, դա կլինի արաբ արքայադստեր առաջին լուսանկարը հասարակության մեջ վերջին երեք տարվա ընթացքում: Ընդ որում, լուսանկարների հայտնվելը պատահականություն չի կարելի անվանել. 2021-ի փետրվարին BBC-ն տեսանյութ էր հրապարակել, որում Լատիֆան պատմում է իր իրավիճակի մասին: Նրա խոսքով` ինքը դեմ է, որ իրեն փակի տակ պահեն եւ վախենում է իր կյանքի համար: Բացի այդ, ըստ «Ազատ արձակել Լատիֆային» միջազգային արշավի ղեկավարներից մեկի` իրավապաշտպան Դեյվիդ Հեյի, լուսանկարների հրապարակումը կապված է նաեւ Լատիֆայի հետ կապված իրավիճակի շուրջ այլ կարեւոր իրադարձությունների հետ: Թե կոնկրետ ինչ իրադարձությունների մասին է խոսքը, չի նշվում:

2018-ին Դուբայի էմիրի դուստրը փորձել էր դուրս գալ իր հոր վերահսկողությունից: Աղջիկը Հնդկական օվկիանոսն անցնելու համար զբոսանավ էր նստել, սակայն փախուստն անհաջող ավարտ ունեցավ. Հնդկաստանի եւ ԱՄԷ-ի գաղտնի ծառայությունների համատեղ արշավանքի արդյունքում ուժայինները նրան վերադարձրեցին Դուբայ: Լատիֆան եւ նրա իրավապաշտպաններն ասում են, որ արքայադուստրն այդ ժամանակվանից փակի տակ է Դուբայի ղեկավարի հրամանով: Ինքը` շեյխը, եւ ԱՄԷ-ի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները: