Իրանը եւ Հայաստանը ուղիղ բանակցություններ կանցկացնեն Հյուսիս-հարավ միջանցքի մի մասում հայկական երթուղու օգտագործման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Մոհամադ Էսլամին Հայաստան նախատեսված իր այցից առաջ, հայտնում է Mehr–ը:

Ըստ նրա` լայնածավալ փոխգործակցության հաստատումն աշխարհի երկրների հետ, հատկապես` հարեւան պետությունների, Իրանի կառավարության հիմնական ռազմավարություններից մեկն է:

Ըստ այդմ, ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարարությունը ներկայումս վերահսկում է երկկողմ եւ բազմակողմ բանակցություններն ու փոխգործակցությունն այլ երկրների հետ` շեշտը դնելով առեւտրի, բիզնեսի, տրանսպորտի եւ տարանցիկ կապերի զարգացման վրա: «Ըստ նախատեսված ծրագրի՝ երկու երկրների` Իրանի եւ Հայաստանի պաշտոնատար անձինք երկկողմ բանակցություններ կանցկացնեն համապատասխան հարցերի շուրջ»:

«Բացի այն, որ Իրանում հայկական համայնք կա, երկու երկրների միջեւ գոյություն ունի ազգակցական եւ մշակութային կապ, ուստի անհրաժեշտ է թեթեւացնել ժողովուրդների եւ երկրների մշակութային փոխգործակցությունը, եւ պետք է ավելի ամուր ենթակառուցվածք ստեղծվի բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների ընդլայնման համար»:

Նրա խոսքով` հայկական երթուղու օգտագործումը Հյուսիս-հարավ միջանցքի մի մասի համար հիմնական հարցերից մեկն է, որը կքննարկեն Իրանի եւ Հայաստանի պաշտոնատար անձինք իր այցի ընթացքում: