Առաջին հերթին դու չպետք է տպավորություն թողնես, որ քո հետ կարելի է նմանատիպ ձեւով վարվել, եթե քո քաղաքականությամբ, քո քայլերով, քո հայտարարություններով դու այդպիսի տպաբվորություն ես թողնում, դու անընդհատ ունենալու ես նման խնդիրներ: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմաններին ստեղծված իրավիճակին:

«Քանի դեռ իրենք սպասելիքներ ունեն ՀՀ-ից որոշ հարցերի շուրջ լրացուցիչ զիջումների, ապա նման լարվածության օջախներ ստեղծելու են, ճնշումներ գործադրելու են իրենց նպատակներին հասնելու համար: ՀՀ-ն պետք է ցույց տա, որ նման կարգի ճնշումների ինքը չի ենթարկվելու, ինչն այսօր չի արվում: Այո, առաջին հերթին պետք է նաեւ բանակցային ճանապարհով խնդիրը լուծել, բայց կրկնում եմ, եթե ՌԴ-ի միջնորդությամբ այս հարցը հիմա լուծում ստանա, վաղը, մյուս օրը մեկ այլ խնդիր լուծելու համար նմանատիպ պրոբլեմ է ստեղծելու սահմանի մեկ այլ հատվածում: Սա է իրավիճակը»,-ասաց նա: