Քաղաքական հետապնդումը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ էլ ավելի նկատելի է նախընտրական շրջանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նախկին նախագահի փաստաբան Արամ Վարդեւանյանը։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, այսօրվա դատական նիստը հետաձգվել է այն պատճառով, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն արձակուրդում է։ Նա արձակուրդից կվերադառնա հունիսի 9-ին։ Դատավոր Աննա Դանիբեկյանը, ինչպես եւ նախորդ նիստում, անտեսեց Վադեւանյանի խնդրանքը՝ հետաձգել նիստերը մինչեւ ընտրությունները, քանի որ գործով անցնող երկու անձինք եւ ինքը՝ Վարդեւանյանը, այս կամ այն ձեւով մասնակցում են ընտրական գործընթացին, եւ նիստը նշանակել է հունիսի 15-ին։

«Դատավոր Դանիբեկյանը ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել մեկ նիստ անցկացնելու գաղափարից. խոսքը ընդամենը մեկ նիստ տեղափոխելու մասին է։ Ես խնդրեցի նշանակել ոչ թե 15-ին, այլ գոնե 19-ին, շաբաթ, լռության օրը։ Այս ամբողջ գործը քաղաքական է։ Իսկ այժմ իրականացվում է Քոչարյանի մասնակցությունը չեզոքացնելու փորձ։ Օրինակ, ստիպել Քոչարյանին հունիսի 15-ին քարոզչություն չվարել, այլ նստել դատարանի նիստում։ Այսինքն, որպեսզի գոնե ինչ-որ կերպ խանգարեն Քոչարյանին։ Կա նաեւ որոշակի ճնշում դատարանի վրա։ Իսկ ընդհանուր առմամբ, քաղաքական հետապնդումն էլ ավելի նկատելի է այս շրջանում։ Այնքան պրիմիտիվ է, որ ասելն անգամ անհնար է»,- նշել է Արամ Վարդեւանյանը։