Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է մահմեդականների դիվականացման ռազմավարության մեջ, ինչի պատճառով էլ Արեւմուտքում իսլամաֆոբիա է տարածվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սեպտեմբերի 11-ի (2001 թ.) ահաբեկչություններից հետո ԱՄՆ իշխանությունները սկսեցին մուսուլմանների դիվականացման ռազմավարություն իրականացնել, ինչը հակաիսլամական տրամադրությունների տարածում առաջացրեց շատ հասարակություններում, որտեղ իսլամի ատելության վիրուսն արդեն առկա էր»,- ասել է Էրդողանը` ելույթ ունենալով Անկարայում իսլամաֆոբիայի դրսեւորումների թեմային նվիրված սիմպոզիումի ժամանակ:

Նրա խոսքով` իսլամաֆոբիան, քաղցկեղի նման, տարածվում է ամբողջ աշխարհում, հատկապես` Արեւմուտքում, իսկ իսլամի հանդեպ թշնամանքն արտահայտվել է բազմաթիվ ողբերգություններում՝ Բոսնիայից եւ Հերցեգովինայից մինչեւ Մյանմար: Ռադիկալ հոսանքները, որոնք նախկինում մարգինալ էին համարվում, այժմ ազդում են քաղաքական օրակարգի վրա, եւ սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Արեւմուտքը ճահճի մեջ է` ավելի ու ավելի խրվելով այդ վտանգավոր տենդենցի մեջ, ասել է Էրդողանը:

«Նրանք, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հրեաների ցեղասպանությունը հատուկ բացառություն են համարում, այսօր համախմբում են հակաիսլամական շարքերը: Իրականում նրանք դեմ չեն իսլամին, այլ դեմ են իրենց ապագային»,- հավելել է Թուրքիայի նախագահը: