ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոստացել է շարունակել սերտ խորհրդատվություններն Իսրայելի հետ իրանական միջուկային գործարքին ԱՄՆ հնարավոր վերադարձի վերաբերյալ, հայտնում է AP-ն:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում Բլինքենի հետ բանակցություններից հետո հույս էր հայտնել, որ Վաշինգտոնն այլեւս գործարքի չի գնա, եւ «ինչ էլ որ պատահի, Իսրայելը միշտ կպահպանի իրանական միջուկային «սպառնալիքներից» իրեն պաշտպանելու իրավունքը»:

Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակեն ամրապնդել Իսրայելի հետ իրենց «երկարամյա գործընկերությունը»: Դա, նրա խոսքով, «սերտ խորհրդակցություններ է ներառում Իսրայելի հետ Վիեննայում ընթացող բանակցությունների նկատմամբ Իրանի հետ միջուկային գործարքին հնարավոր վերադարձի շուրջ»:

«Հուսով եմ, որ Միացյալ Նահանգները չեն վերադառնա հին ԳՀՀԾ-ին (Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին), քանի որ մենք համարում ենք, որ այս գործարքն Իրանի համար միջազգային օրենքով միջուկային զենքի զինանոց ունենալու ճանապարհ է բացում»,- ասել է Նեթանյահուն: