Իսրայելական ուժերը կարող էին ռազմական հանցագործություններ կատարել ՀԱՄԱՍ-ի դեմ 11-օրյա պատերազմի ընթացքում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը: Նա նաեւ կոչ է արել Իսրայելին թույլ տալ հակամարտության վերջին սրման ժամանակ ռազմական գործողությունների վերաբերյալ անկախ հետաքննություն անցկացնել, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ հակամարտության ընթացքում ՀԱՄԱՍ-ի դեմ անխտիր հրթիռային հարձակումները նույնպես պատերազմի կանոնների ակնհայտ խախտում են: Նա Մարդու իրավունքների խորհրդին մանրամասն պատմել է «2014 թվականից ի վեր ռազմական գործողությունների ամենանշանակալի լարվածության» մասին, ինչը հանգեցրել է Գազայի հատվածում ավերածությունների ու մարդկային կորուստների՝ նախորդ շաբաթվա հրադադարից առաջ:

Գազայի 11-օրյա պատերազմում զոհվել է առնվազն 248 մարդ, այդ թվում՝ 66 երեխա եւ 39 կին: Իսրայելում մահացել է 12 մարդ, այդ թվում՝ երկու երեխա:

«Խիտ բնակեցված տարածքներում ավիահարվածները հանգեցրել են քաղաքացիական զոհերի եւ վիրավորումների բարձր մակարդակի, ինչպես նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքների համատարած ոչնչացման»,- ասել է Բաչելետը: «Նման հարձակումները կարող են իրենցից ռազմական հանցագործություններ ներկայացնել, եթե դրանք համարվեն անխտիր եւ անհամաչափ՝ քաղաքացիական բնակչության վրա ունեցած իրենց ազդեցության տեսակետից»։

Նա նաեւ քննադատել է ՀԱՄԱՍ-ի մարտավարությունը, որը ներառել է խիտ բնակեցված քաղաքացիական տարածքներում ռազմական թիրախների տեղադրում եւ դրանցից հրթիռների արձակում: «Այս հրթիռներն անխտիր են գործում եւ թույլ չեն տալիս տարբերակել ռազմական եւ քաղաքացիական թիրախները, ուստի դրանց օգտագործումը միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ խախտում է»,- ասել է Բաչելետը: «Սակայն մի կողմի գործողությունները չեն ազատում մյուսին միջազգային իրավունքով սահմանված նրա պարտավորություններից»: