Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին իրանցիներին կոչ է արել մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններում քվեարկությանը, հաղորդում է Tasnim-ը:

«Ընտրություններն անցկացվում են մեկ օր, իսկ դրանց արդյունքները պահպանվում են մի քանի տարի: Մասնակցե՛ք ընտրություններին»,- ասել է նա: «Մի լսեք նրանց, ովքեր ասում են, որ մասնակցությունն անօգուտ է: Նրանք հաշվի չեն առնում մարդկանց շահերը»:

Առաջնորդը նաեւ իր աջակցությունն է հայտնել Սահմանադրական խորհրդին՝ ի պատասխան նախագահի որոշ թեկնածուների որակազրկման վերաբերյալ վերջին քննադատությունների, նշելով, որ խորհրդի աշխատանքը հիմնված է իրավական ընթացակարգերի վրա:

Ավելի վաղ Իրանի ՆԳՆ-ը հրապարակել էր նախագահի հաստատված թեկնածուների ցուցակը, որը կազմել է Սահմանադրական խորհուրդը: Մի քանի հայտնի գործիչներ, այդ թվում՝ փոխնախագահ Էսակ Ջահանգիրին եւ խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանին, համարվել են որակազրկված:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ ինքը նամակ է գրել այաթոլլա Խամենեիին` այդ կապակցությամբ իր դժգոհությունը հայտնելու համար: