Այն ժամանակ երկիրը լրջագույն վիճակում էր գտնվում. Երկրի բյուջեն ընդամենը 300 մլն դոլար էր. ուսուցչի աշխատավարձը 5 հազար դրամ էր, թոշակը 2,5 հազար դրամ էր, որը մեկ տարի չէին տալիս. հիմա այդ ամենը թողնես, գնաս նախկինների հետեւից ընկնես, սրան բռնես, նրան բռնես, ոնց որ քո ամբողջ էներգիան ծախսես մի բանի վրա, որ վերջում մի 2-3 հոգի դատվեն: Այս մասին նախօրեին Կոտայքի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք չի՞ փոշմանել, որ 1998-ին քաղաքական գնահատական չի տվել նախկին իշխանություններին:

«Չպետք է մոռանանք, որ այն ժամանակ երկրում եղել է ներքաղաքական լարվածություն, եղել է դժգոհություն իշխանություններից, բայց այն ժամանակ մենք պատերազմ չենք պարտվել, կորուստ ունենալով, նաեւ այսպիսի զոհեր ունենալ. այսպիսի բաներ այն ժամանակ չի եղել։ Այն ժամանակ իսկապես դա ավելի շատ կլիներ վենդետայի նման ինչ-որ մի դրսեւորում, ինչը չէի ուզում անել։ Անցյալը մի վտանգավոր բան ունի, կարող է գնաս ու մնաս այնտեղ, չկարողանաս հետ գալ. երբ հայացքդ անընդհատ անցյալ է լինում, ապագան դժվար ես տեսնում»,- նշեց նա։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ կառավարման տեսանկյունից պետք է առաջ նայել. «Ոտքերի տակ նայելով՝ միշտ մի բանով ես ընկնում, մի քիչ էլ պիտի հեռուն նայես»։

Անդրադառնալով Մեղրիի միջանցքի հարցին՝ Քոչարյանն ասաց. «Ընդհանրապես միջանցք բառը հիմա չպետք է օգտագործենք։ Եթե խոսքը գնում է բոլոր կոմունիկացիաների, ազատ աշխատանքի մասին, այո, բոլոր կոմունիկացիաները թող ազատ աշխատեն. ի՞նչ է նշանակում միջանցք։ Այս պահին քննարկել՝ որպես միջանցք  մեզ համար ձեռնտու չի։ Երբ ասում են՝ հեսա կբացվի, ամեն ինչ կսկսի աշխատել եւ այլն, այդպես չէ, որովհետեւ եթե իրենք, եւ իրենք արդեն հայտարարել են, Թուրքիան երկաթուղի է կառուցելու Նախիջեւանից Իգդիր, ընդմանենը 82 -87 կիլոմետրանոց հատված է լինելու։ Հենց դա միացնում են, այդ երկաթուղին, այդ կտորը չեն բացելու։ Այն դառնալու է միջանցք, որը կապելու է Թուրքիան Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ»։

Երկրորդ նախագահի խոսքով՝  այդ միջանցքն աշխարհաքաղաքական առումով չափազանց լուրջ հետեւանքների է բերելու։