ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ մայիսի 31-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ Դատախազության բողոքի քննությունը հետաձգեց։

Դատական նիստին չէր ներկայացել Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը. նա գտնվում է արձակուրդում։

Նշենք, որ նիստը նախագահում էին դատավորներ Նարինե Հովակիմյանը, Սեւակ Համբարձումյանը եւ Կարեն Մարդանյանը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 24-ին՝ 14։00-ին։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1-ի» գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարացնելու եւ քրեական գործի վարույթն այս մասով կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Նշենք, որ Սահմանադրական դատարանը մարտի 29-ին ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող։