Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության սպաները ձերբակալել եւ երկիր են հասցրել հեղաշրջման փորձ կատարելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի եղբորորդուն՝ Սելիհադդին Գյուլենին, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով NTV- ն:

Թե կոնկրետ որտեղ է անցկացվել Գյուլենի ձերբակալման օպերացիան, չի հաղորդվում, բայց նշվում է, որ այն տեղի է ունեցել արտերկրում: «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության» ղեկավարի եղբորորդին, ինչպես նշում է հեռուստաալիքը, ավելի վաղ դուրս էր բերվել Թուրքիայից կազմակերպության այլ անդամների օգնությամբ: Ըստ հետախուզության՝ Սելյախադդին Գյուլենը կապեր ունի FETO մի շարք բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում՝ խորհրդատվական խորհրդի անդամների հետ:

Թուրքիայում նա հետախուզվում էր զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով:

2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ եւ սպաներ հեղաշրջման փորձ կատարեցին: Հիմնական առճակատումը ծավալվեց Ստամբուլում եւ Անկարայում, 250 մարդ զոհվեց՝ չհաշված պուտչիստներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվեց: Անկարան հեղաշրջման նախապատրաստման մեջ մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա հետ կապված «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպությանը»