Դատավորների մի սերունդ կա, որն ավելի վճռական ու անկախ դուրս եկավ։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահի կարծիքով՝ Բարձրագույն դատական խորհրդի ստեղծումը ճիշտ լուծում էր.

«Որովհետեւ այն այնուամենայնիվ արդարության խորհուրդը որոշակի կախվածություն էր ենթադրում նախագահի ինստիտուտից։ ԲԴԽ-ի ինստիտուտի մտցնելն ամրացրեց։ Անհասկանալի էր, երբ այս իշխանությունն մի հատ սենց նայեց ԲԴԽ-ի վրա եւ բոլորը թողեցին ու փախան։ Սա նշանակում է՝ կամ հոգեբանորեն պատրաստ չենք դեռ զուտ մարդկային կապիտալի առումով նման անկախությանը կամ կախվածության ինչ-որ էլեմենտներ դեռ կան, որոնք մինչեւ վերջ կարգավորված չեն։ Մենք խոսում ենք միայն դատական համակարգի մասին, բայց նույն Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, երբ խոսում ենք քննիչների անկախության մասին, վերջը դա նույն դատաիրավական համակարգի մասն է կազմում, երբ խոսում ենք իրենց անկախության մասին, բայց Քննչական կոմիտեի պետին վարչապետը երբ ուզի՝ կարող է նշանակել, փոխել, սա նորմալ չի։ Անունը դրել են՝ Կառավարությունն է փոխում, Կառավարությունը քաղաքական մարմին է։ Ըստ էության քաղաքական մարմինը ոչ թե ինչ-որ ժամանակով է նշանակում այդ պաշտոններին մարդկանց եւ այդ ժամանակի ընթացքում այդ մարդն անկախ է, սա պարտադիր մենք պետք է փոխենք։ Իմ տպավորությամբ, մենք երբեք այդ մարմիններն անկախ կարգավիճակում չենք ունենալու, եթե այն կարգը, որն այսօր կա, շարունակի գործել»։

Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ՝ էական նշանակություն, թե ինչպիսի մարդ է դատավորի պաշտոնում. «Նկատելի է որոշակի սերունդային խնդիր։ Ավելի անկախ դատավորների եթե փորձում ես վերլուծել՝ կայացած, համբավ ունեցող, սերունդային առումով մի սերունդ կա, որն ավելի վճռական եւ անկախ դուրս եկավ»։

Անդրադառնալով դատաիրավական համակարգում վեթինգ իրականացնելուն՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց.

«Ամեն մի տերմին կամ ինչ-որ մի բան, որ պետք է անես, պետք է հասկանաս՝ ինչի համար ես անում եւ ինչ պատմական ժամանակահատվածում է դա իրականացվում։ Այդ ընթացքում փորձում են վեթինգի նման ինչ-որ գործիքակազմ օգտագործել, բայց շուրջ 30 տարվա անկախություն ունեցող պետությանը բերես, դնես՝ վեթինգ ենք անում, զրոյացնում ենք ամեն ինչ եւ նոր դատական համակարգ ենք ձեւավորում, ուղղակի անընդունելի է։  Նպատակը մեկն է, իրենք եկել են իշխանության, գրավել են գործադիր իշխանությունը եւ պետք էր ցանկություն՝ դատական իշխանությունն իրենցով անելու համար։ Եթե վեթինգն այս կիրառման կոնտեքստի մեջ ենք դիտարկում, ուղղակի հիմարություն էր։ Պետք է առողջացնել համակարգը, իրականացնել բարեփոխումներ, պետք են լուծումներ գտնել տարբեր հարցերի վերաբերյալ»։

Երկրորդ նախագահի խոսքով՝ իշխանությունն ուզել է հեղափոխությունը տարածել նաեւ դատական համակարգի վրա. «Դատական համակարգն այսպես՝ լոտոյի պես բան է. այդ գործն ում մակագրվեց, ում չմակագրվեց։  Արդարությունը բախտով չպիտի լինի։ Պետք է ամեն ինչ անել, որ իսկապես արդարությունը լոտոյի չնմանվի։ Հիմնավոր կասկածի տակ ինչ ասես՝ կարող է գրել աբսուրդային մի վիճակներ, քրեական գործին ծանոթանում ես, կարդում ես, տեսնում ես, որ ուղղակի հիմարությունը հիմարության վրա է։ Դա ընդունում որպես գաղտնի բան, դրա մասին չես կարող խոսել. նորմալ երեւույթ չէ։ Իմ տպավորությամբ՝ կա այստեղ կա եւ մարդկային գործոնը, եւ սիստեմը։ Մենք դատավորից կամ քննիչից պետք է հերոսություն սպասենք, ոչ թե պրոֆեսիոնալիզմ»։