Ճապոնական Toyota եւ Honda ավտոկոնցեռնները որոշում են ընդունել կանգնեցնել նոր ավտոմեքենաների արտադրությունն ու վաճառքը Մալայզիայում՝ այնտեղ ուժի մեջ մտած կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Nikkei-ին։

Toyota-ն Մալայզիայում, Սելանգոր նահանգում երկու գործարան ունի։ Honda-ն նույնպես երկրում երկու ձեռնարկություն ունի, որտեղ արտադրվում են մոտոցիկլներ եւ ավտոմեքենաներ։ Մալայզիական իշխանությունների պահանջների պատճառով ավտոկոնցեռնները ստիպված էին աշխատատեղերում թողնել անձնակազմի ոչ ավելի, քան 10 տոկոսին, ինչի հետեւանքով գործարանների գործունեությունը սովորական ռեժիմով անհնար դարձավ։

Վերջին մեկ տարվա ընթացքում ամենակոշտ սոցիալ-տնտեսական սահմանափակումները Մալայզիայում ուժի մեջ մտան երեքշաբթի օրվանից՝ կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի ֆոնին։ Վարչապետ Մուհիդին Յասինի հայտարարած խիստ միջոցները երկրի ողջ տարածքում կգործեն մինչեւ հունիսի 14-ը, ինչից հետո, եթե իրավիճակը բարելավվի, դրանք աստիճանաբար կչեղարկվեն։

Մայիսին Մալայզիայում վարակվածների թիվը սկսեց կտրուկ աճել։ Անցած շաբաթ սահմանվեց հերթական հակառեկորդը՝ մեկ օրում ավելի քան 9 հազար վարակված։ Փորձագետները սա բացատրում են երկիր վիրուսի հնդկական շտամի ներթափանցմամբ (որն ավելի բարձր արագությամբ տարածվելու միտում ունի) եւ կորոնավիրուսի թեստավորման անբավարար մասշտաբներով։