Լիբանանում տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամն ամենածանրերից մեկն է, որը աշխարհը տեսել է ավելի քան 150 տարվա ընթացքում: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում։

2019-ի վերջից Լիբանանը բախվում է բարդ մարտահրավերների, ներառյալ խոշորագույն տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը, կորոնավիրուսի տարածումը եւ անցյալ տարի Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը, որը համարվում է պատմության մեջ ամենամեծ ոչ միջուկային պայթյուններից մեկը:

Ճգնաժամը սրվել է վերջին ամիսներին նախագահի եւ նշանակված վարչապետի միջեւ իշխանության կաթվածահար անող պայքարի ֆոնին, որը ձգձգում է նոր կառավարության ձեւավորումը: Հեռացած վարչապետ Հասան Դիաբի կաբինետը հրաժարական է տվել օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից օրեր անց, եւ դրանից հետո երկիրում չի եղել լիարժեք գործող կառավարություն:

Այս վիթխարի մարտահրավերների ֆոնին Համաշխարհային բանկի զեկույցում ասվում է, որ քաղաքականության շարունակական անգործությունը եւ լիարժեք գործող կառավարության բացակայությունը սպառնում են առանց այդ էլ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններին եւ փխրուն սոցիալական խաղաղությանը՝ առանց հորիզոնում հստակ շրջադարձային կետի:

«Տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի աշխարհում տասնիններորդ դարի կեսերից ի վեր ամենալուրջ ճգնաժամերի տասնյակում, հնարավոր է՝ եռյակում»:

Զեկույցում ասվում է, որ երկրի համախառն ներքին արդյունքը, ըստ կանխատեսումների, 2021-ին կկրճատվի 9,5%-ով՝ 2020-ին 20,3%-ով եւ մեկ տարի առաջ 6,7%-ով կրճատվելուց հետո: Լիբանանի ՀՆԱ-ն 2018-ի գրեթե 55 միլիարդ դոլարից 2020-ին ընկել է մինչեւ մոտ 33 միլիարդ դոլարի, այն դեպքում, երբ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կրճատվել է մոտ 40 տոկոսով:

«Նման խիստ կրճատումը սովորաբար կապված է հակամարտությունների կամ պատերազմների հետ»,- ասվում է ՀԲ-ի զեկույցում:

Վերջին շաբաթներին, կենտրոնական բանկի արտարժութային պահուստների կրճատման հետ կապված, Լիբանանը բախվել է դեղամիջոցների, ինչպես նաեւ վառելիքի սուր պակասի: Էլեկտրաէներգիայի անջատումները օրական ավելի քան 12 ժամ են տեւում: