Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Միացյալ Նահանգների քաղաքական մոտեցումը Թուրքիայի նկատմամբ նախագահ Ջո Բայդենի օրոք՝ ասելով, որ վերջին շրջանում երկու երկրների միջեւ լարվածությունը հասել է աննախադեպ մակարդակի, հայտնում է Ahval-ը:

Նրա խոսքով՝ նման խնդիրներ չեն եղել ո՛չ ԱՄՆ նախկին ղեկավարների, ո՛չ հանրապետականների, ո՛չ էլ դեմոկրատների, այդ թվում՝ Ջորջ Բուշի, Բարաք Օբամայի եւ Դոնալդ Թրամփի հետ:

Ընդ որում, Էրդողանը հատուկ ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած «կառուցողական հարաբերությունների» վրա՝ ասելով, որ երկու առաջնորդները համատեղ դեմ առ դեմ հանդիպումներ էին պլանավորում, իսկ հեռախոսային դիվանագիտությունը «շատ հանգիստ» էր, ինչը մեղմացնում է Թուրքիայի մտահոգությունները երկկողմ հարաբերությունների կապակցությամբ:

Բայդենն Էրդողանի ղեկավարման ոճն ավտոկրատական է անվանել ​​եւ քննադատել է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը երկրում: Նա եւ Էրդողանն առաջին հեռախոսազրույցն ունեցել են ապրիլի վերջին՝ Բայդենի երդմնակալությունից ավելի քան երեք ամիս անց:

Էրդողանը հերթական անգամ քննադատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի որոշումը: «Նրանք, ովքեր Թուրքիային անկյուն են գցում, կարեւոր ընկերոջ  կկորցնեն»,- ասել է նա:

Ըստ նրա՝ Թուրքիան ԱՄՆ-ի հետ հարաբերություններում երկու հիմնական խնդիր է տեսնում. Վաշինգտոնի աջակցությունը Սիրիայում քուրդ զինյալներին, ում Թուրքիան ահաբեկիչներ է համարում, եւ ԱՄՆ-ի հրաժարումն արտահանձնել Փենսիլվանիայում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում Թուրքիան մեղադրում է 2016-ի ձախողված հեղաշրջման կազմակերպման մեջ: Գյուլենը հերքել է մեղադրանքները, իսկ ԱՄՆ պաշտոնատար անձինք ասում են, որ Թուրքիան բավարար ապացույցներ չի ներկայացրել իր մասնակցության վերաբերյալ: 

Ավելին, նա Վաշինգտոնին մեղադրել է «ահաբեկիչներին» աջակցության մեջ. «Եթե դուք մեր դաշնակիցն եք, մեզ  կաջակցեք, թե՞ այդ ահաբեկիչների կողքին կլինեք: Ցավոք, նրանք այդ ահաբեկիչների կողմն են բռնում»: