Իննսուներեք տարեկանում մահացել է գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ հիշեցնելով, որ Թորանյանը միության անդամ էր և վերջին տարիներին ապրում էր Հայաստանում:

Թորոս Թորանյանը ծնվել է 1928 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Նրա ծնողները՝ Խաչերը և Վարդուհին, ծնվել են Կիլիկյան Հայաստանի Այնթապ քաղաքի Ճիպին գյուղում։

Հայրն ավարտել է ծննդավայրի Կիլիկյան վարժարանի վեցամյա շրջանը և տիրապետել է հայոց լեզվին, իսկ մայրը մանուկ հասակում մեծացել է քրդական ընտանիքում և մայրենի լեզվին չի տիրապետել։

Հայրը մահացել է, երբ Թորոս Թորանյանը եղել է երկու տարեկան, այդ պատճառով ընտանիքի լեզուն եղել է թուրքերենը։

Մինչև հինգ տարեկան Թորոսը խոսել է թուրքերեն, հայոց լեզու սովորել է մանկապարտեզում:

Սովորել է Հալեպի Գյուլբենկյան դպրոցում։

Ստացել է բժշկական կրթություն։

Եղել է բազմաժանր ստեղծագործող: Հայտնի են հեղինակի «Աստղերու ճամբան», «Կանաչ տառեր», «Երգ արեգական», «Վերստին կարդալով Շահան Շահնուրը», «Ուր կտանին ճամփաները» և մի շարք այլ երկեր: