2017-2019 թվականներին Հայաստան մեծ քանակությամբ ավտոմեքենաներ էին ներկրվում հետագայում վերարտահանելու նպատակով, քանի որ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը Հայաստան օգտվում էր Եվրասիական տնտեսական միության մաքսային արտոնություններից։ Եվ պատահական չէ, միայն 2019 թվականին Հայաստան ներկրվեցին շուրջ 208 հազար մարդատար ավտոմեքենաներ։

Մինչ մաքսատուրքերի վերանայումը Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար սահմանին վճարվում էր 0 - 20% բնապահպանական վճար, 20% ԱԱՀ և 10% մաքսատուրք: Գործող մաքսային օրենսդրությամբ մաքսատուրքերը մի քանի անգամ բարձրացան օգտագործված և հին տարեթիվ ունեցող ավտոմեքենաների համար։

2020 թվականի հունվարի 1-ից հետո բնապահպանական վճարները փոփոխության գրեթե չենթարկվեցին, սակայն մաքսատուրքերն էականորեն ավելացան: Այժմ ավտոմեքենայի համար մաքսատուրքի դրույքաչափերը սահմանվում են ըստ ավտոմեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և ըստ թողարկման տարեթվի: Զրոյական դրույքաչափեր կիրառվում են միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում: Հարկ է նշել, որ սահմանին կատարվող վճարումներից միայն ԱԱՀ-ն և բնապահպանական վճարն են մտնում ՀՀ պետական բյուջե, իսկ մաքսատուրքը բաշխվում է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև, որից ՀՀ-ին բաժին է ընկնում ընդամենը 1.20%-ը:

Հարկ է նաև նշել, որ մաքսատուրքի տարաժամկետումով ձեռք բերված ավտոմեքենաների ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման ժամանակ ենթադրվում էր մաքսատուրքի դրույքաչափի տարբերության պարտադիր հավելավճար, քանի որ Միության ներսում մաքսատուրքի դրույքաչափերը բավականին բարձր էին: Միաժամանակ, Հայաստանում գրանցված ավտոմեքենաները կարող էին մուտք գործել ԵԱՏՄ մաքսային տարածք  այն պարագայում, երբ ղեկին Հայաստանում մշտապես բնակվող սեփականատերն էր և վաճառքի դեպքում ավտոմեքենան պետք է վերադարձվեր ՀՀ: Սակայն գործող օրենսդրության համաձայն Ռուսաստանում թույլատրվում էր երթևեկել արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաներով, բայց ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով, որից հետո անհրաժեշտ էր կրկին ձևակերպել ժամանակավոր ներմուծումը: Ընդ որում, ժամանակավոր ներմուծման ձևակերպում կամ ՌԴ տարածքում գտնվելու որևէ ժամկետների սահմանում ԵԱՏՄ-ից ավտոմեքենաների համար ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ նախատեսված չէ: Վերոնշյալ գործոններով պայմանավորված անդամակցությունից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ՀՀ պետհամարանիշներով ավտոմեքենաների ՌԴ ներմուծման քանակների աննախադեպ աճ: Նույնանման իրավիճակ է եղել նաև կապված Ղազախստանի հետ, մասնավորապես՝ Ղազախստանում ժամանակավոր գրանցված են Հայաստանից ներմուծված 22.0 հազ. թեթև մարդատար ավտոմեքենաներ, որոնք 13.6 անգամ քիչ են, քան Ռուսաստանում:

ՀՀ պետհամարանիշներով ավտոմեքենաների ձեռք բերման դեպքում Ռուսաստանի  տարածքում սեփականատերը չի վճարում տրանսպորտային հարկ և հնարավորություն ունի խախտել ֆոտովոլտային տեսախցիկների տակ գտնվող ճանապարհային երթևեկության կանոնները:

Այս խնդիրները լուծելու նպատակով՝ 2020 թվականին Ռուսաստանում ուժի մեջ մտան տանսպորտային միջոցների գրանցման փոփոխություններ ենթադրող օրենսդրական փոփոխություններ, որի արդունքում ՀՀ պետհամարանիշերով մի շարք ավտոմեքենաներ տեղակայված են պետավտոտեսչության մասնագիտացված ավտոկայանատեղիներում, իսկ մյուս մասը չեն լքում իրենց ավտոտնակները, որպեսզի չառգրավվեն: Վերոնշյալ ավտոմեքենաների գերակշիռ մասի սեփականատերերը ի վիճակի չեն վճարել մաքսատուրքերի տարբերության հավելավճարը, ինչպես նաև ավտոմեքենաները վերադարձնել Հայաստան՝ վաճառքի: Ընդ որում, մի շարք դեպքերում գումարները, որոնք նախատեսված են հատուկ ավտոկանգառի ծառայության համար, արդեն մոտ են առգրավված ավտոմեքենայի արժեքին: Արդյունքում, բազմաթիվ մարդիկ հայտնվել են բավականին դժվար իրավիճակում, քանի որ նրանք ստիպված են վերադարձնել ավտոմեքենաները՝ վաճառելով կամ մաքսազերծելով դրանք ՄՄՍ մաքսատուրքերով: Կա նաև մեկ այլ տարբերակ՝ սպասել մինչև  2023 թվականը, երբ ավտոմեքենաները կստանան Մաքսային միության ապրանքի կարգավիճակ: