ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի՝ իր հրաժարականի պատճառների վերաբերյալ սկանդալային հայտարարության տեսագրությունն ուղարկել է ԱԱԾ՝ դրանում ներկայացված հանգամանքները ստուգելու և  ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ  Արա Այվազյանը մայիսի 31–ին ելույթ ունենալով ԱԳՆ–ում իր հրաժարականի դիմումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։

NEWS.am–ը  դիմել էր դատախազութանը՝ ճշտելու, թե ի՞նչ քայլեր է իրականացրել դատախազությունը՝ պարզելու, թե ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել պաշտոնաթող նախարարին ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք դեմ են եղել ՀՀ պետականության, ազգային և պետական շահին։ Հետաքրքրվել էինք նաև, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկել դատախազությունը պետական շահերի պաշտպանության, մասնավորապես հայտարարության մեջ տեղ գտած պետության անվտանգությանն ուղղված ենթադրյալ սպառնալիքները բացահայտելու և չեզոքացնելու նպատակով։

Դատախազությունից տեղեկացրել են, որ զանգվածային լրատվական միջոցների և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում մայիսի 31–ին վերհանվել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի՝  ԱԳՆ աշխատակազմի հետ նույն օրը կայացած հանդիպման տեսագրությունը, ուսումնասիրվել, ինչի արդյունքում հունիսի 1–ին այն ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է  ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները ստուգելու և  ընթացքը լուծելու նպատակով։