Սակագները հաստատուն պահելը հեշտ չէ՝ 10 տարի: Այս մասին Ապարանի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ իշխանության գալուց հետո հիմնական շեշտերը դրվելու են աշխատատեղերի ստեղծման վրա: Նախկին նախագահը նախընտրեց սակագների վերաբերյալ խոստումներ չտալ, չնայած նշեց, որ այնտեղ նույնպես հեռանկարներ է տեսնում: «Մեր կրեդոն է՝ աշխատատեղեր, աշխատավարձերի աճ, ներդրումների ներգրավում: Պետք է լինի արժանապատիվ վարձատրվող աշխատանք: Ես ժողովրդի բարեկեցությունը բարելավելու այլ տարբերակ չեմ տեսնում»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ իր նախագահության տարիներին միջին աշխատավարձը 5 անգամ ավելացել էր, գները մնացել էին կայուն: Հիմա գները կրկնապատկվել են, դոլարը կրկնապատկվել է: «Այն, որ վերջին շրջանում իշխանությունները մի փոքր բարձրացրել են աշխատավարձերը, նույնիսկ բարձրացում չի կարելի անվանել: Սա լավագույն դեպքում ինդեքսավորում է: Բայց դրան էլ չի ձգում: Պետությունը պարտավոր է յուրաքանչյուր մի քանի տարին մեկ ինդեքսավորում կատարել՝ ինֆլյացիան փոխհատուցելու համար»,- հիշեցրեց Քոչարյանը:

Նա արձանագրեց, որ ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինը 3 տարվա ընթացքում 15%-ից նվազել է մինչեւ 11%: «Եթե հարաբերակցությունը նվազեր, ես կհասկանայի: Բայց ոչ, կրճատվել է գյուղատնտեսության եւ ՀՆԱ-ն, եւ մասնաբաժինը: Դա նշանակում է, որ բնակչության վիճակը վատացել է»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ գյուղատնտեսության զարգացման առումով մեծ հեռանկարներ է տեսնում:

«Մենք մինչեւ վերջ չգիտենք, թե իշխանության կողմից տնտեսությանը ինչ վնաս է հասցվել: Կարող եմ խոստանալ, որ կուսումնասիրեմ հարցը: Հնարավոր է, որ իշխանության գալով՝ նրանց պարգեւավճարների վրա ծախսված դատարկ բյուջե գտնենք: Մենք պետք է տեսնենք, թե որքան գումար են նրանք թողել մեզ: Իմ տպավորությամբ՝ ոչինչ չեն թողել»,- նշեց նախկին նախագահը: