Հոնկոնգի իշխանությունները ստուգելու են բոլոր ֆիլմերում ազգային անվտանգության սպառնալիքների առկայությունը: Կառավարությունը հայտնել է, որ Ֆիլմերի գրաքննության մասին որոշումն ընդլայնվել է՝ ներառելով «ցանկացած գործողություն, որը կարող է հանցագործություն համարվել եւ սպառնալ ազգային անվտանգությանը», հայտնել է AFP-ն:

«Դիտարկելով ֆիլմը որպես ամբողջություն եւ դիտողների վրա դրա ազդեցությունը՝ գրաքննիչը պետք է հաշվի առնի ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունները կամ գործունեությունը կանխելու եւ կասեցնելու իր պատասխանատվությունը, ինչպես նաեւ Հոնկոնգի բնակիչների համընդհանուր պատասխանատվությունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ինքնիշխանության, միասնության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունը», - ասվում է հայտարարության մեջ:

Ֆիլմերը խիստ ստուգում են անցնում Չինաստանի մայրցամաքային մասում, եւ ամեն տարի արեւմտյան ֆիլմերի կամ վավերագրական ֆիլմերի միայն փոքր մասն է թույլատրվում վարձույթի հանել: Հոնկոնգի կինոգրաքննության վարչությունը ավանդաբար շատ ավելի հեշտ մոտեցում է կիրառել: