Հանցագործներին հաջողվել է հափշտակել գործազրկության նպաստների շուրջ 50 տոկոսը, որն ԱՄՆ-ն վճարել է վերջին տարվա ընթացքում, գրում է Axios-ը:

Որոշ գնահատականներով՝ համավարակի ընթացքում գործազրկության վճարներով հանցագործությունը կարող է հասնել 400 միլիարդ դոլարի, եւ փողերի մեծ մասը, հավանաբար, կհայտնվի օտարերկրյա հանցավոր սինդիկատների ձեռքում, ինչը դարձնում է դա ոչ թե պարզապես գողություն, այլ ազգային անվտանգության խնդիր:

Երբ բռնկվել է համավարակը, նահանգները պատրաստ չէին գործազրկության համար վճարների մասին պահանջների աննախադեպ ալիքին:

Բոլորը գիտեին, որ հանցագործություններն անխուսափելի են, սակայն որոշել էին, որ պետք է վճարեն մարդկանց, որոնք խիստ կարիք ունեին դրա:

ID.me ծառայության գործադիր տնօրեն Բլեյք Հոլը, որը փորձում է կանխարգելել խարդախությունների այդ տեսակը, համարում է, որ Ամերիկան կորցրել է ավելի քան 400 միլիարդ դոլար խարդախ պահանջների պատճառով: Նրա խոսքով՝ կարող է հափշտակված լինել գործազրկության բոլոր հատկացումների շուրջ 50 տոկոսը:

LexisNexis Risk Solutions-ի գործադիր տնօրեն Հեյվուդ Տալկովը համարում է, որ գողացված փողերի առնվազն 70 տոկոսը լքել է երկիրը, որոնց մեծ մասը հայտնվել է Չինաստանում, Նիգերիայում, Ռուսաստանում եւ այլ երկրներում հանցավոր սինդիկատների ձեռքում: «Այդ խմբերը միանշանակ աջակցություն են ստանում պետության կողմից»,-հայտարարել է նա:

Հանցագործները հաճախ տիրանում են անձնական տեղեկատվության եւ օգտագործում այն, որպեսզի ներկայանան որպես դիմումատուներ: Մյուսները խաբեությամբ ստիպում են մարդկանց ինքնակամ փոխանցել իրենց անձնական տվյալները:

«Ցածր մակարդակի հանցագործներին տրամադրվում են դեբետային քարտեր, նրանք կանխիկացնում են գումարները բանկոմատներում: Այնուհետեւ այդ գումարները փոխանցվում են արտերկիր եւ հաճախակի դա անում են բիթքոյնների տեսքով:

Նախքան համավարակը գործազրկության համար դիմումները համեմատաբար հազվադեպ էին, եւ, որպես կանոն, կարճաժամկետ, ինչը միջազգային հանցավոր սինդիկատները չէին համարում՝ որպես եկամտաբեր նպատակ:

Սակայն այն բանից հետո, երբ գործազրկության ապահովագրությունը դարձել էր հիմնական միջոցը, որի օգնությամբ ԱՄՆ կառավարությունը փորձել էր պահպանել տնտեսությունը, ամեն ինչ փոխվել էր: