ԱՄՆ արդարադատության նախարարության դատախազությունը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք առգրավել է Apple-ի տվյալները Ներկայացուցիչների պալատի Հետախուզության կոմիտեի երկու դեմոկրատ կոնգրեսականների, ինչպես նաեւ նրանց աշխատակիցների ու ընտանիքի անդամների վերաբերյալ, տեղեկացնում է New York Times-ը։

Խոսքը կոնգրեսականներ Ադամ Շիֆի եւ Էրիկա Սվալվելի մասին է։

Տվյալները վերցվել են 2017թ. եւ 2018թ. սկզբին, երբ գերատեսչությունը հետաքննում էր գաղտնի տեղեկատվության արտահոսքերը, որոնք վերաբերում էին Թրամփի վարչակազմի եւ Ռուսաստանի կառավարության միջեւ շփումներին, տեղեկացնում է թերթը։

Times-ի տվյալներով՝ այն ժամանակվա գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի ղեկավարությամբ աշխատող դատախազները արտասովոր ջանքեր են գործադրել, որպեսզի գտնեն գաղտնի տեղեկատվության արտահոսքի աղբյուրը։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները թիրախավորվել էին ոչ միայն օրենսդիրների, այլեւ նրանց աշխատակիցների ու ընտանիքի անդամների, հնարավոր է եւ անչափահաս, տվյալների վրա, քանի որ քննիչները կարծում էին, որ կոնգրեսականներն օգտագործել էին իրենց կողմնակիցների կամ երեխաների սարքերը՝ լրագրողների հետ կապերը թաքցնելու համար։

Արդարադատության նախարարությունը եւ Apple-ը առայժմ տեղեկատվությունը չեն մեկնաբանում։

Ի վերջո, ոչ մի տվյալ կամ այլ ապացույցներ օրենսդիրներին կամ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության կոմիտեին չեն կապել արտահոսքերի հետ, հայտարարել է Times-ը։

Բայց մեկ տարի հետո հետաքննությունը վերսկսվեց գլխավոր դատախազ Բիլ Բարի կողմից, տեղեկացնում է թերթը։

Շիֆը, չնայած չի հաստատել, որ ինքն է եղել հետաքննության թիրախը, արդարադատության  նախարարության գլխավոր տեսչին կոչ է արել «այդ եւ այլ գործերի» հետաքննություն անցկացնել։

Թրամփը «փորձում էր օգտագործել դեպարտամենտը որպես մահակ իր քաղաքական ընդդիմախոսների եւ ԶԼՄ ներկայացուցիչների դեմ։ Առավել ակնհայտ է դառնում, որ այդ պահանջներն առանց ուշադրության չեն մնացել»,- ասվում է Շիֆի հայտարարությունում։

Դեմոկրատ Նենսի Փելոսին նույնպես հետաքննություն անցկացնելու կոչ է արել։ «Այդ գործողությունները եւս մեկ աղաղակող հարձակում են մեր դեմոկրատիայի վրա նախկին նախագահի կողմից»,- ասել է նա։