Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստ է աջակցել Թուրքիայի հետ հարաբերություններում Եվրամիության «դրական» օրակարգին, հայտնել է AP-ն:   

Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

«Իհարկե, մենք միշտ բաց ենք դրական օրակարգի համար, սակայն հետզհետե, համաչափ եւ հետադարձելիորեն... պայմանով, որ ներկայիս դեէսկալացիան կպահպանվի, եւ Թուրքիան կառուցողական կերպով մասնակցի երկխոսությանը եւ կհարգի ԵՄ կողմից սահմանված պայմանները», - ասել է Միցոտակիսը Աթենքում:

Երկու երկրների դիվանագետները վերջին ամիսներին բանակցությունների երկու փուլ են անցկացրել՝ վերջին 5 տարվա ընթացքում առաջին անգամ, իսկ Հունաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները փոխայցելություններ են կատարել երկրների մայրաքաղաքներ:

Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ երկարատեւ վեճը Միջերկրական ծովի արեւելքում սահմանների եւ բնական ռեսուրսների իրավունքների շուրջ բռնկվեց անցյալ ամառ, երբ Թուրքիան հետազոտական ​​նավեր ուղարկեց Հունաստանի իրավասության տակ գտնվող ջրեր:

ԵՄ-ն «աջակցեց» Հունաստանին, սակայն պատժամիջոցներ չկիրառեց Թուրքիայի դեմ՝ փորձելով ճնշում գործադրել Անկարայի վրա ՝ վերսկսելու համար Աթենքի հետ դիվանագիտական ​​բանակցությունները: