ԱՄՆ-ը եւ «Մեծ յոթնյակի»-ի մյուս երկրները քննարկում են Արժույթի միջազգային հիմնադրամից 100 միլիարդ դոլարի վերաբաշխում` COVID-19-ի ճգնաժամի դեմ պայքարող երկրներին աջակցելու համար, հաղորդել է Reuters-ը:

Այս հարցը քննարկվելու է G7-ի գագաթնաժողովում Քորնուոլում՝ Անգլիայի հարավում: «ԱՄՆ-ն եւ G7-ի մեր գործընկերները ակտիվորեն քննարկում են գլոբալ ջանքերը՝ առավելագույն կարիք ունեցող երկրներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ», - հայտարարել են ԱՄՆ նախագահի գրասենյակից:

«Առաջարկվող ջանքերը, ինչպես պոտենցիալ մինչեւ 100 միլիարդ դոլարը, կխթանեն հետագայում առողջապահական կարիքների բավարարումը՝ ներառյալ պատվաստումները, եւ կօգնեն խոցելի երկրներում ապահովել ավելի անվտանգ եւ կայուն տնտեսական վերականգնում, ինչպես նաեւ կխթանեն ավելի հավասարակշռված, կայուն եւ համապարփակ համաշխարային տնտեսությունը»:  

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ավելի վաղ G7-ի մյուս երկրներին կոչ է արել համաձայնության գալ աֆրիկյան պետություններին 100 միլիարդ դոլար արժողությամբ փոխառության հատուկ իրավունքների վերաբաշխման վերաբերյալ: