Համավարակային արգելափակումների մեկնարկից ի վեր կիբերհարձակումների եւ գումար շորթող ծրագրերի տարածումը տագնապ է առաջացնում ֆինանսական աշխարհում, որը երկարաժամկետ հեռանկարում անցում է կատարում թվային գումարին եւ հեռահար աշխատանքին, գրում է Reuters-ը:

Թվային հեղափոխության հակառակ կողմը միշտ էլ եղել է դրա այլընտրանքի` առցանց հանցագործության անխուսափելի աճը:

Հարձակումներ կատարողներից ոմանք կասկածվում են պետական հովանավորություն ստանալու մեջ՝ քաղաքական նկատառումներից դրդված: Ի թիվս այլոց, կան կազմակերպված գերբարդ խմբավորումներ, ինչպիսիք են DarkSide-ը:

Համավարակի ընթացքում հեռահար աշխատանքի բումը հանգեցրել է կիբերհարձակումների կտրուկ աճի եւ ձեռնարկությունների, բանկերի ու պետական ​​մարմինների աշխատանքներում խափանումների: Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում «զոհերի» թվում են Colonial Pipeline-ը, JBS բրազիլական մսի վերամշակման ընկերությունը եւ Իռլանդիայի ազգային առողջապահական ծառայությունը:

Հանցագործներին նախորդ տարի հաջողվել է գրեթե 350 միլիոն դոլար ստանալ, ինչը երեք անգամ ավելի է, քան 2019 թվականին:

Սա համաշխարհային մասշտաբով փոքր թիվ է թվում, սակայն կիբերանվտանգության պաշտպանության խափանումներն ու հսկայական ծախսերը բազմիցս գերազանցում են այն: ԱՄՆ կառավարության գնահատականներով՝ 2017 թվականի WannaCry-ի նման հարձակումների ծախսերը միլիարդավոր դոլարների են հասնում:

Fitch-ը, վկայակոչելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարբեր աղբյուրներ, նշել է, որ 2020 թվականին գումար շորթող ծրագրերով հարձակումները աճել են գրեթե 500 տոկոսով, որը իրավաբանական եւ ֆինանսական ընկերություններում կիբեր միջադեպերի քառորդ մասն է, իսկ համաշխարհային ծախսերը գնահատվում են 20 միլիարդ դոլար: Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ) նույնիսկ համավարակից առաջ բոլոր տեսակի կիբերհանցագործությունների վնասները տրիլիոնավոր դոլարներ է գնահատել:

Այս տարի ՀՏՖ-ի՝ ռիսկերի մասին տարեկան զեկույցում աշխարհի թոփ 10 գլոբալ ռիսկերի մեջ, ինչպիսիք են «ծայրահեղ եղանակային պայմանները» եւ «կլիմայական գործողությունների անհաջողությունները», ներառվել է «կիբերանվտանգության ձախողումը»: Ֆորումի անդամների գրեթե 40 տոկոսը կիբեր ռիսկերը դիտարկում է որպես «ակնհայտ եւ իրական սպառնալիք» համաշխարհային տնտեսության համար առաջիկա երկու տարիների ընթացքում:

Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնը միայն անցյալ տարի փաստագրել է ավելի քան 100 անդրսահմանային կիբերհարձակում ամբողջ աշխարհի կառավարությունների եւ կորպորացիաների դեմ:

S&P Global վարկանիշային ընկերություն հայտարարել է, որ բանկերը հիմնական թիրախներն են հանդիսանում, քանի որ դրանք կարեւոր դեր են խաղում ենթակառուցվածքում եւ նաեւ անձնական գաղտնի տվյալների լայն շրջանակ ունեն:

«Արագացված թվայնացումը եւ հեռահար աշխատանքը մեծացրել են ֆինանսական հատվածի խոցելիությունը կիբեր ռիսկերի նկատմամբ եւ կարող են հանգեցնել ավելի բարդ կիբերհարձակումների, որոնք ավելի մեծ կորուստներ կհասցնեն»:

Խնդրի մասշտաբներն աճում են այնքան արագ, որքան հենց թվային աշխարհը եւ նույն կերպ կատալիզացվում է համավարակով: