Համացանցի օգտատերերը քննադատել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հասարակությանը առօրյա հագուստով ներկայանալու համար: Twitter-ում համապատասխան գրառումներ են հայտնվել, հաղորդում է Lenta-ն: BBC-ի լրագրողը լուսանկարել է պետության ղեկավարին եւ նրա կնոջը՝ Ջիլին, Քարբիս Բեյ քաղաքի հյուրանոցում, ուր նրանք գնացել էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից հետո: Նշվում է, որ զույգը խմիչքներ է պատվիրել հյուրանոցի բարում ու տեղավորվել բակի սեղանի մոտ:

Նախագահը կրել է սեւ հանդերձանք՝ բաղկացած տաբատից, երկարաթեւ վերնաշապիկից եւ վերարկուից: Որպես կոշիկ Բայդենը ընտրել է սպիտակ սպորտային կոշիկներ: Առաջին տիկնոջը ֆիքսել են ջինսերով եւ երկար բեժ վերարկուով: Նրա կերպարը լրացնում էր գույնզգույն շարֆը:

Օգտատերերը չեն գնահատել ԱՄՆ նախագահի արտաքին տեսքը եւ սոցցանցերի հրապարակումներում ամոթանք են տվել նրան: Նրանց կարծիքով՝ Բայդենի քաղաքական կարգավիճակը թույլ չի տալիս նրան առօրյա հագուստով ներկայանալ: «Ի՜նչ ահավոր է», «Թրամփին անկիրթ էին համարում, բայց Բայդենին նայեք», «Ինչպե՞ս կարող է նախագահը սպորտային կոշիկներով հայտնվել փողոցում», «Նրանց չի թույլատրվում ոչ ֆորմալ հագուստ կրել», - արտահայտվել են մեկնաբանները:   

Բայդենի ներկայացուցիչները պաշտոնական մեկնաբանություն չեն արել նրա հանդերձանքի վերաբերյալ: