Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բանկիչների հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշեց պատմել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել իր ու ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի միջև: Նշենք, որ Օնիկ Գասպարյանը ծնունդով Աչաջրից է:

«Այստեղ ընտանեկան պատմության էլեմենտ կա եւ ես պետք է հաշվետու լինեմ ձեզ, թե ինչ եղավ եւ ինու այդպես եղավ: Նախ գիտեք, որ ես վարչապետ եմ դարձել, Օնիկը եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ՝ գեներալ-մայորի կոչումով: Հետո իմ միջնորդությամբ նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, պատերազմի ժամանակ իմ նախաձեռնությամբ շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում:

Երբ ես միջնորդել եմ Օնիկին նշանակել ԳՇ պետ, ես նրան մի բան եմ ասել, ասել եմ՝ Օնիկ, էս պատմության մեջ ես մի բանից եմ վախենում: Ասել եմ՝ իմ կարծիքով դու նախկին իշխանությունների հետ ահագին ամուր կապեր ունես: Ինքն ասաց, որ այդտեղ խնդիր չկա, մի անհանգստացի, եւ ես նշանակել եմ:

Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ ես Օնիկին վստահել եմ հարազատ ախպոր նման, նրա ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել: Նույնիսկ երբ ինքը նշանակված էր, հուլիսյան պատերազմի ժամանակ ԱԱԾ-ն ինձ մի դրվագի մասին ասաց, որ ինքը սխալ է զեկուցել: Ես ասացի, որ չեմ հավատում, բացառված է: Խոսեցինք իրար հետ, նա ասաց, որ երբեք սխալ չի զեկուցի, ես ասացի՝ քեզ եմ հավատում եւ քեզ եմ հավատալու: Այդպես եղել է մինչև պատերազմն ավարտվելուց հետո:

Պատերազմի ընթացքում եղել են դրվագներ, որ Արցախից եկել են ասել են, որ այս դրվագը սենց ա, ես զանգել եմ, հարցրել եմ Օնիկին: Մենք եկել ենք այն եզրակացության, որ պատերազմի դրվագներով պետք է լսեմ միայն իր ասածը: Ես համաձայնվել եմ դրա հետ:

Այս խոսակցությունը բացվել է երկու պատճառով: Մեկը նոյեմբերի 20-ի իրադարձությունների պատճառով: Այդ օրն Օնիկը գնում է Սյունիքի մարզ, հանդիպում է ունենում որոշ շրջանակների հետ, ինչ-ինչ պատճառներով ճանապարհին հեռախոսազրույց է ունենում Սերժ Սարգսյանի հետ: Այդ ժամանակ իմ մասին ասում են ամենավերջին բառերը, հետո պայմանավորվում են, որ պետք է իրար հետ հանդիպեն:

Այդ իրիկունը Օնիկն ասում է՝ ուզում եմ գալ մոտդ, ես ասում եմ՝ արի: Մենք հանդիպում ենք Կոնդի առանձնատանը: Ինքն ասում է՝ որոշում կայացրու, հրաժարական տուր: Ես ասում եմ՝ Օնիկ ջան, քանի օր չես քնել: Ասում է՝ 4-5 օր: Ես նրան խնդրում եմ գնալ քնել, հանգստանալ, խոսակցությունը մոռանալ:

Հետո կանչում ու ասում եմ՝ Օնիկ, ես քեզ անվերապահորեն վստահել եմ ու էլի ուզում եմ անվերապահորեն վստահել՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ:

Ես ասացի՝ խոստանում եմ, կմոռանամ այդ պատմությունը, որ եկել, ինձ ասել ես՝ պետք է հրաժարական տամ:

Դրանից հետո զգում եմ, որ քաղաքական ազդեցություններ կա գլխավոր շտաբի նկատմամբ: Դրանից հետո ի հայտ են գալիս դրվագներ, որից ես համոզվում եմ, որ, իրոք,  շատ բաներ ինձ ճիշտ չի զեկուցվել: Դրա արդյունքում ի հայտ են գալիս խնդիրներ:

Ի վերջո էլի խոսակցություն է բացվում, որ ԳՇ-ն կարող է իմ հրաժարականը պահանջի: Ես նրան ասում եմ՝ Օնիկ ջան, նման բաներ ինձ հետ չի անցնելու: Ես էլի ասում եմ՝ պատրաստ եմ մոռանալ, դուրս արի այդ տրամաբանությունից: Ի վերջո, ինձ համար ակնհայտ է դառնում, որ ԳՇ-ն, քայլ-քայլ անցնում է ընդդիմության շարքերը: Մի հայտնի իրադարձությունից հետո եւ իրեն, եւ առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին ազատել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաեւ Տիրան Խաչատրյանի մասին՝ նշելով. «Երբ Օնիկ Գասպարյանն ինձ ասել է, որ Տիրան Խաչատրյանին պետք է տալ ազգային հերոսի կոչում, որովհետեւ ինքը այնտեղ միջոցներ է ձեռնարկում, որ հակագրոհներ կազամկերպի, ես չեմ էլ քննարկել: Ասել եմ՝ եթե այսօր դա պետք է անեմ, որ ռազմի դաշտում հաջողություն ունենանք, ես դա քո ասածով կանեմ:

Այսօր Տիրան Խաչատրյանը վեր է կենում ու իմ հասցեին ամենավերջին բառերն է ասում: Եթե Տիրան Խաչատրյանը գտնում է, որ ես այդ մարդն եմ, թող իրեն տված հերոսի կոչումից հրաժարվի:

Եթե արժանապատիվ սպա է ու համարում է, որ իրեն հերոսի կոչում տվողը ոչ մի բան չի հասկանում, պետք է հրաժարվի այդ հերոսի կոչումից»,-ասաց նա:

«Հաջորդ դրվագը: Վերջերս լուրեր են տարածվում, թե նոյեմբերի 9-ին թուղթը ստորագրելիս ես մղվել եմ Տավուշի գյուղերի վերաբերյալ կետը ստորագրելուն ու Օնիկն է ինձ հորդորել, զգուշացրել, թույլ չի տվել այն այդ տարբերակով ստորագրել:

Իրականությունը ուղիղ հակառակն է եղել: 10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել: Այդ ժամանակ էլ ես չեմ մեղադրել, համարել եմ, որ նա պատերազմին մասնակցած մարդ է, ինքն էդպես է մտածել: Այդ պահին նա կարող է այդպիսի դիրքորոշում է ունեցել: Ես նրան մեղադրում եմ հիմա հակառակ լուրերը տարածելու համար: Ինչո՞ւ:

Եթե որևէ մեկն իրավունք ուներ ասելու, որ այդպես ստորագրեմ, ինքն էր, քանի որ ինքն է այստեղ այն տարիներին պատերազմին մասնակցել ու ոտքը կորցրել: Եթե իր գնահատականն այդ էր, ես չեմ ասել՝ ինչու ես նման բան ասում: Ես ուղղակի ասացի, որ դա բացառված է, այդպես չեմ ստորագրի ու այնպես ենք արել, որ այդ կետը դուրս գա:

Ինձ հիմա ուրիշ հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ է հակառակ լուրը տարածում: Այդ փաստի վերլուծությունն ինձ լրիվ ուրիշ հետևությունների է բերում, որ կարո՞ղ է, որ ինքը ոչ թե ինչ-որ մտահոգությունների պատճառով էր ասում՝ ստորագրի, այլ մտածում էր, որ ինչքան վատը լինի այդ թուղթը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ դա քաղաքական պայթյուն կառաջացնի եւ կքշի կտանի մեր կառավարությանն ու ինձ: Այն ժամանակ նման բան մտքովս չի անցել, հիմա եմ հետահայաց այդպես մտածում»,-ասաց Փաշինյանը:

«Մի այդպիսի դրվագ էլ Շուշիի մասով կա: Երբ ինքն ինձ ասում էր, որ 150 մեքենաներով շարասյուն էր, մենք ասում էինք՝ խփեք, մեզ գիտե՞ք ինչ էին ասում: Ասում էին՝ մի քանի ավտոն ներկայացնում են որպես 150-200 ավտո»,-ասաց նա:

«Սա ընտանեկան խոսակցություն է, որը պետք է լինի այստեղ: Ես այդ հարաբերություններում անազնիվ բան չեմ արել: Ես սա ասում եմ ձեզ համար, ես գիտեմ, որ այդ հարցը ձեր ներսում կա: Ես այսօր ասում եմ, որ բոլոր բարոյական նորմերը պահել եմ, դուք դա պետք է իմանաք»,-հավելեց վարչապետի պաշտոնակատարը: