Նրանք իշխանության եկան թեզերով, որ Հայաստանը թալանում են, որ Հայաստանը կառավարում են օլիգարխները, եւ Հայաստանում աղքատություն կա, քանի որ Հայաստանում կան հարուստներ. հիմար թեզեր, որոնք շատերին դուր են գալիս, բայց ի՞նչ տեղի ունեցավ, անցավ որոշ ժամանակ եւ այս մարդը հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխներ չկան, կան խոշոր սեփականատերեր: Այս մասին այսօր Վայոց Ձորի «Պատիվ ունեմ» նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մե՞նք ենք թալանչի, թե՞ իրենք են թալանչի, անցել է շուրջ 3 տարի, որեւէ թալանի լուրջ դեպք բացահայտված չէ, իսկ իշխանափոխությունից հետո կտեսնեք, թե ինչքան ժամանակ է պետք լինելու նոր իշխանություններին՝ թալանչիներին բացահայտելու համար: Տեսաք՝ ինչ տեղի ունեցավ կազինոների հետ, քար լռություն եւ ոչ մի փաստ, ու գալու է ժամանակը, որ այդ կազինոների մասին ասած ստերը մտցնելու ենք իր բերանը, դրանում կարող եք չկասկածել»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Երրորդ նախագահի խոսքով՝ այդ հայտարարությունը պատահական չէր. «Դա շատ լավ մտածված քայլերի հաջորդականություն է։ Նա հայտարարեց խոշոր սեփականատերեր, այնուհետեւ սկսեց այդ  խոշոր սեփականատերերի հետ ընկերություն անել։ Նրանք այդ ընկերությունն ամրապնդելու համար սկսեցին մուծվել տարբեր ֆոնդեր։ Կամաց-կամաց հասարակությունը տեսնում է, թե փաբերում պարտքով պիվա խմողներն ինչպես են սկսել թանկարժեք մեքենաներով երթեւեկել, ինչպես են բնակարաններ եւ տներ ձեռք բերում»։

Նա նաեւ նշեց, որ 3 տարիների ընթացքում բազմաթիվ թալանի մասին դեպքեր եւ փաստեր են հրապարակվել, բայց այդ մասին պետությունը բացատրություններ չի տվել. «Եղել է քար լռություն անգամ այն դեպքում, երբ ես ասել եմ՝ պետությունը շրջանցելով՝ ՊՆ-ն թանկ զենքեր է գնել»։

«Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն դարձավ բյուրեղյա մաքուր, անկաշառ, իմքայլականների 5-րդ համարը: Այստեղ կան տարիքով մարդիկ, ովքեր կհիշեն, թե ով Հայաստանում ով սկիզբ դրեց թալանին, թիվ մեկ օլիգարխը ով է եւ ով վարկաբեկեց բիզնեսմենի բարի անունը, բայց այստեղ խոսքս Գռզոյի մասին չէ, խոսքս կապիտուլյանտի մասին է, հիմա թալանչիները մե՞նք ենք, թե՞ իրենք»,- ասաց Սերժ Սարգսյանը: