Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող «Արեւիկ» ազգային պարկի  տնօրեն Գագիկ Գեւորգյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։

«Գագիկ Գեւորգյանը մեր ավագանու անդամն է, էլի որպես նորմալ, մտածող, ադեկվատ մարդ՝ Նիկոլին դեմ է։ Հունիսի 4-ին հեռացրել են աշխատանքից եւ այսօր նշանակել են մեկին, որը բացարձակ անտառից, բնությունից հեռու մարդ է. միակ արժանիքն այն է, որ նիկոլական է»։

Զաքարյանը հայտնեց, որ Գագիկ Գեւորգյանը պատրաստվում դիմել Վարչական դատարան. «Գեւորգյանը գտնում է, որ իր՝ աշխատանքից ազատումն անհիմն է։ Ռոմանոս Պետրոսյանը անձնական զրույցում նախկին տնօրենին ասել է, որ նա  Մեղրիի համայնքապետի ընկերն է, դա է դրած հեռացման հիմքում»։