Եվրոպայի խորհուրդը ներկայումս երկխոսություն է վարում Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ վերջին հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդման համալիր միջոցառումների մշակման շուրջ: Այս մասին Վիեննայում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մշտական ​​խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

«Եվրախորհուրդը ներկայումս երկխոսություն է վարում` Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ վերջին հակամարտությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդման համալիր միջոցառումներ մշակելու համար:

Վստահության ամրապնդման այդ միջոցառումները գործում են Աբխազիայում, Հարավային Օսեթիայում եւ Մերձդնեստրում: Դրանց հաջողությունը կախված է իշխանությունների նվիրվածությունից:

Եվ նրանք գիտակցում են, որ Եվրոպայի խորհուրդը լիովին սատարում է իր անդամ պետությունների անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ծախսված ժամանակն ու ջանքերն իրենց արդարացնում են:

Այս տեսակ շփումները կարող են միայն խթանել մարդու հիմնարար իրավունքների հարգումը, ինչպես նաեւ այն, որ կայուն խաղաղություն կառուցելու համար վստահությունը կարելի է որպես հիմնաքար կիրառել», - նշել է նա: