Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, անվտանգության տեսանկյունից բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվել: Սահմանագծը մի քանի անգամ երկարել է՝ առաջացնելով լրացուցիչ կահավորման, անձնակազմի ավելացման եւ ինժեներական աշխատանքների անցկացման անհրաժեշտություն: Մայիսի 12-ից իրավիճակն էլ ավելի անորոշ է դարձել. աշխարհագրական կեղծ քարտեզներով զինված՝ ադրբեջանցիները ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք՝ պահանջելով իրենց տալ այս կամ այն տարածքը:

Բաժանված հանքավայրը

Վերոնշյալ հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ նոյեմբերի 15-ին Հայաստանի անվտանգության համար չափազանց կարեւոր Քարվաճառի (Քելբաջար) շրջանի վերահսկողությունը փոխանցվեց Ադրբեջանին: Ավելի ուշ ժամկետները հետաձգվեցին 10 օրով՝ ապահովելու համար այդ տարածքից քաղաքացիական բնակչության եւ զորքերի դուրսբերումը: Արդեն նոյեմբերի վերջին Ադրբեջանը հայտարարեց Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման իր իրավունքների մասին: Չնայած խորհրդային տարիներին հանքը ամբողջությամբ փոխանցվել էր հայկական կողմին, այնուամենայնիվ, չգիտես ինչու, ՀՀ իշխանությունները համաձայնեցին ադրբեջանական կողմի պահանջներին եւ բաժանեցին հանքը՝ 70 տոկոսը տալով Ադրբեջանին եւ ռուսական «GeoProMining Gold»  ընկերությանը թողնելով 30 տոկոսը:

Հանքի տարածքում այժմ միանգամից երկու արագորեն կառուցված հենակետեր կան՝ հայկական եւ ադրբեջանական: Շուրջբոլորը հանքանյութի բեկորներ են:

«Հենակետը գտնվում է պետական ​​սահմանին, մենք սահմանից ոչ մի մետր չենք նահանջել», - վստահեցնում է կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ հայտարարության ստորագրումից մինչ օրս, այս տարածքում թշնամու կողմից սադրանքներ չեն եղել: Կողմերը ինտենսիվորեն կահավորում եւ ամրացնում են սահմանը:

Հանքավայրի հանդեպ Ադրբեջանի հետաքրքրությունը մեծ է: Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ հունվարի վերջին Ադրբեջանի կառավարության եւ «Anglo Asian Mining plc»-ի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի բրիտանական ընկերությունը շահագործելու է Սոթք, Կաշեն եւ Վեջնալի (Զանգելան) հանքավայրերը: Հատկանշական է, որ ընկերությունը իր ներդրողներին հայտարարել է, որ Սյունիքում կառուցվող տրանսպորտային միջանցքը ընկերությանը լայն հնարավորություններ է տալու շահագործելու Նախիջեւանում գտնվող Օրդուբադի հանքավայրը: Ընկերության՝ նախկինում հրապարակած պաշտոնական փաստաթղթի համաձայն՝ տրանսպորտային միջանցքը բաղկացած է լինելու նոր երկաթուղուց եւ տրանսպորտային ճանապարհից:

Հանքի հապճեպ բաժանման արդյունքում հայկական եւ ադրբեջանական կողմերի հենակետերը գտնվում են միմյանցից 15 մետր հեռավորության վրա:
 

Հողմաղացները նշանառության տակ


Հենակետի վերեւում գտնվող բլրակի վրա՝ արդեն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում երկու հողմահացներ կան: Բլուրի հետեւում նույնպես կան, սակայն հայկական կողմից տեսանելի չեն:

Հայաստանի իշխանությունները ժամանակին այս հատվածը հատկացրել են ընկերությանը հողմակայանի կառուցման նախագծի իրականացման համար: 2020 թվկականի նոյեմբերի 25-ին ադրբեջանական զինուժը ապօրինի ներխուժեց ՀՀ կառավարության որոշմամբ ընկերությանը հատկացված տարածք, որտեղ նրանք արդեն 20 տարի զբաղվում էին ձեռնարկատիրական գործունեությամբ՝ 5,000,000 դոլարի չափ վնաս հասցնելով: Գեղարքունիքի մարզի Սոթքի լեռնանցքի (Գեղամասար համայնք) տարածքում գտնվող 200 հա տարածքի վարձակալության ժամկետը 30 տարով է, գույքային իրավունքները պետական ​​գրանցում են անցել: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, 2018 թվականի մայիսի որոշմամբ, ընկերությանը տրամադրել է մինչեւ 2039 թվականի մայիս էլեկտրաէներգիա արտադրելու լիցենզիա: Բացի այդ, Սոթք գյուղում գտնվող հողամասի վարձակալության՝ ընկերության իրավունքը երկարաձգվել է մինչեւ 2048 թվականի ապրիլ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում էր կառուցել 23 հողմաղաց:  

Այժմ հողմաղացները հասանելի չեն, ընկերությունը վնասը գնահատում է 5 միլիոն դոլար եւ արդեն դատական ​​հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ կառավարության:
 

Ոչ մի տեղ չտանող ճանապարհը

Հարեւան հենակետը գտնվում է հենց Քարվաճառի շրջան տանող ճանապարհի վրա: Ճանապարհն այժմ արգելափակված է բետոնե բլոկով: Ադրբեջանական դիրքը այնքան էլ մոտ չէ, որքան հարեւան հենակետից, սակայն տեսադաշտում է: Եվ այս շրջանում, վստահեցնում է գնդապետ Պետրոսյանը, սադրանքներ կամ խախտումներ չեն եղել: Կողմերը կահավորում են սահմանը, իրականացնում ինժեներական աշխատանքներ: Անձնակազմի համար տներ են տեղակայվել, էլեկտրականություն է մատակարարվում, սառնարանի ու սննդի պահարանների պարունակությունը համապատասխանում է բոլոր պահանջներին:

Նշենք, որ այս ուղղությամբ ռուս սահմանապահներ չկան՝ ի տարբերություն Սյունիքի: Հրադադարի ռեժիմի պահպանումն ամբողջովին կախված է կողմերից:
 

Խնդրահարույց հարեւանը եւ էքսպանսիան

Ինչպես նշվեց, մայիսի 12-ից սկսած՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը արեւելյան եւ հյուսիսարեւելյան սահմաններում փոփոխությունների է ենթարկվել՝ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի ապօրինի ներխուժման պատճառով: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանը մայիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ այդ օրվա առավոտյան ժամը հինգին Կութ-Նորաբակ (Դամիրդագ-Կութ-Նորաբակ) հատվածում, Հայաստանի տարածքում 1,5 կմ եւ 2,5 կմ խորությամբ առաջ ընկած ադրբեջանական երկու ստորաբաժանումների կողմից միավորվելու փորձ է գրանցվել՝ իրենց համար առավել բարենպաստ իրավիճակ ստեղծելու համար: Հայկական կողմը որոշել է մեկ նոր հենակետ ստեղծել՝ կանխելու համար հակառակորդի գործողությունները: Այդ գործողությունների ընթացքում թշնամին օդային հետախուզության միջոցով բացահայտել է հայկական կողմին, շրջափակել ու գերեվարել 6 զինծառայողի: Գերիները մինչ օրս չեն վերադարձրել: Ադրբեջանական կողմը պարբերաբար ինժեներական աշխատանքներ իրականացնելու փորձեր է կատարում: Հունիսի 11-ին կանխվել է մեկ այլ նման փորձ:

«Բարձունքների մեծ մասը մեր ձեռքում է», - ասում է Հայկ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ հակառակորդը չի կրակել Կութ գյուղի ուղղությամբ: Հրաձգությունը հիմնականում կապված է ինժեներական աշխատանքների եւ դրանց կանխման հակաքայլերի հետ, «որպեսզի հակառակորդը չամրապնդվի Հայաստանի ինքնիշխան տարածքում: Մեր ստորաբաժանումներին դա հաջողվում է», - հայտնել է Պետրոսյանը: Գյուղից մինչեւ ադրբեջանական դիրքեր 3-4 կիլոմետր է: Մնացած բոլոր հարցերին, թե քանի կիլոմետր է առաջ անցել թշնամին, Պետրոսյանը հղում կատարեց ՊՆ-ի տրամադրած տվյալներին (այս հարցի վերաբերյալ վերջին տվյալները հրապարակվել են մայիսի 27-ին):

Ինչու՞ հայկական կողմը ավելի վաղ չի հոգացել այս հատվածի ամրապնդման մասին: «Շատ դժվար կլիմայական պայմաններ են: Պատկերացրեք, այս բարձունքներին հասնելու համար հարկավոր է վեց ժամ քայլել», - հայտնել է Պետրոսյանը՝ վստահեցնելով, որ հակառակորդին չի հաջողվել ոչ հրետանի, ոչ էլ ծանր տեխնիկա մոտեցնել: Ճիշտ է, տրակտոր բերել նրանց հաջողվել է: Պետրոսյանը նախընտրեց նաեւ չնշել այս հատվածում հակառակորդի ենթադրյալ թիվը: Որոշ շրջաններում թշնամին նահանջել է:

Բնակչությանը հուզող մեկ այլ հարց` ինչու՞ հայկական կողմը չի գնում ուժի կիրառման` ադրբեջանցիներին մեր տարածքից վտարելու համար: «Մենք ռազմական բախում չենք ուզում: Նման սցենարը ավելի շատ զոհերի պատճառ կդառնա: Ռուսական կողմի միջնորդությամբ քաղաքական ղեկավարությունը բանակցություններ է վարում: Մեկ բան է հստակ՝ պետական ​​սահմանը պետք է անձեռնմխելի լինի», - շեշտել է Հայկ Պետրոսյանը:

Բանակցությունները բանակցություններով, իսկ անասուններն ուտել են ուզում: Հունիսի 5-ին Կութից մի հովիվ հարձակման ենթարկվեց, ադրբեջանցիները կրակեցին ձիու վրա, իսկ հովիվն հրաշքով անվնաս մնաց: Նույնը չի կարելի ասել նախիրի մասին: Մի քանի կենդանիներ սպանվել են ադրբեջանցի զինվորների կողմից, գողացվել է շուրջ 80 գլուխ անասուն: Կովերից մի քացնիսին հաջողվել է վերադարձնել: Բանակում իրավիճակից ելքը տեսնում են նախիրները դիրքերից առնվազն 500 մ հեռավորության վրա պահելու միջոցով:

«Գյուղացիները, իհարկե, անհանգստացած են կատարվածից, սակայն խուճապ չկա: Գյուղը լքածներ էլ չկան, մենք վստահ ենք մեր զինվորների վրա», - հայտարարում է Կիմի գյուղապետ Չիթչյանը: Ըստ նրա՝ հաջողվում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել, սակայն արածեցումն ու անասնակերի պատրաստումը դժվար է խնդրահարույց հարեւանի պատճառով: «Թշնամին հենց մեր արոտավայրերի վրա է տեղավորվել: Խոտհարքը դեռ չի սկսվել, սակայն դաշտերի հարցը նույնպես բարդ է», - հայտնել է Չիթչյանը: Հարցն առավել քան հրատապ է՝ հաշվի առնելով, որ գյուղացիների 80 տոկոսը զբաղվում է անասնապահությամբ: Մինչ այժմ գյուղացիներին չի փոխհատուցվել կորած կովերի վնասը, չնայած նրանց խոստացել են:

Չնայած այն հանգամանքին, որ սահմանին պոտենցիալ ծայրահեղ վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում, բանակում ոչ պակաս ուշադրություն են դարձնում բանակի հետ կապված տեղեկատվությունը շահարկելու փորձերին: «Ես խնդրում եմ հասարակությանը, ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ նախընտրական մրցապայքարի մասնակիցներին զերծ մնալ բանակը ներքաղաքական գործընթացներում ներգրավելու փորձերից: Բանակը ապաքաղաքական կառույց է: Խնդրում եմ չխաղալ զգացմունքների վրա՝ փորձելով քաղաքական դիվիդենտներ ստանալ: Բանակն իր տեղում է, կատարում է իր առաքելությունը եւ գլխավոր շտաբի ու հրամանատարության կողմից առաջադրված խնդիրները», - ընդգծել է Հայկ Պետրոսյանը:
 

Որպես վերջաբան

Ժամանած լրագրողների, բարձրաստիճան զինվորականների եւ զինվորների առաջացրած իրարանցումից արթնացել եւ քնկոտ աչքերով հետեւում էր պետական ​​սահմանի մեկ այլ պահակ՝ երեք ամսական շնիկ Բուկին: Համատարած հիացմունքի ներքո, Բուկին ձգվեց եւ հարմարավետ տեղավորվեց տիրոջ գրկում: «Վահան», - ներկայացավ տղան, ում անունը շատ խորհրդանշական էր: