Հազարավոր մարդիկ ուրբաթ երթ են անցկացրել՝ ի հիշատակ Կանադայի մահմեդական ընտանիքի, որն անցյալ կիրակի սպանվել էր պիկապի վարորդի կողմից: Ոստիկանությունը կատարվածը որակել է որպես ատելության հիմքով հանցագործություն, գրել է Reuters-ը:

Ընտանիքի չորս անդամներին սպանել է 20-ամյա Նաթանիել Վելտմանը, երբ նրանք երեկոյան զբոսանքի էին դուրս եկել: Երիտասարդն իր պիկապ մեքենայով վրաերթի է ենթարկել անցորդներին: Ընտանիքի անդամներից միայն 9-ամյա որդին է ողջ մնացել, ծնողները տեղում մահացել են:

Կանադայի Օնտարիո նահանգի Լոնդոնի բնակիչները մոտ 7 կիլոմետր քայլել են ընտանիքի սպանության վայրից դեպի մոտակա մզկիթը, որը մոտ էր այն վայրին, որտեղից ոստիկանությունը ձերբակալել է Վելտմանին:

Ոմանք կրում էին «Ատելությունն այստեղ տուն չունի», «Սերը կհաղթի ատելությանը» եւ այլ գրություններով պաստառներ: Երթեր անցկացվեցին Օնտարիո նահանգի այլ քաղաքներում եւս, որը Կանադայի ամենախիտ բնակեցված նահանգն է:

Վելտմանը հինգշաբթի հանդես է եկել դատարանում, երկուշաբթի կրկին կվերադառնա այնտեղ: Նրան սպառնում է առաջին աստիճանի սպանության չորս եւ սպանության փորձի մեկ մեղադրանք:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն սպանությունները որակել է որպես «ահաբեկչություն» եւ խոստացել է ջախջախել աջ ծայրահեղական խմբավորումները եւ իսլամաֆոբիան: