Ինձ համար Սպիտակի երկրաշարժից տուժած գոտում ինտենսիվ շինարարությունը պատվի եւ պատասխանատվության հարց էր: Այս մասին Սպիտակի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը: Նշենք, որ Քոչարյանը Սպիտակի պատվավոր քաղաքացի է:

«Ես լավ հիշողություն ունեմ, հիշում եմ Սպիտակում կառուցված յուրաքանչյուր շենք, նույնիսկ շինարարների դեմքերը: Ձգտում էի բարձրացնել շինարարության տեմպերը, քանի որ մտածում էի, թե ինչպես եմ իմ հաջորդ այցի ժամանակ մարդկանց աչքերի մեջ նայելու: Ինձ համար Սպիտակի երկրաշարժից տուժած գոտում ինտենսիվ շինարարությունը պատվի եւ պատասխանատվության հարց էր», - ընդգծել է Քոչարյանը:

Նա հիշեց, որ այդ ժամանակ երկրում շատ ավելի քիչ գումար կար: «Սակայն շինարարի համար ճանապարհը միշտ բաց էր: Մեր աշխատանքը քաջալերում էր սփյուռքի մարդկանց եւ նույնիսկ ոչ հայերին ներգրավվել այդ գործում: Կառուցվում էին բնակելի տներ, մշակույթի տներ, օբյեկտներ», - հիշեցրել է նախկին նախագահը:

Քոչարյանն ինքն իրեն հարց է տալիս՝ եթե կառավարությունը երեք տարի ոչինչ չի ձեռնարկել Սպիտակում, ի՞նչ երեսով են գնում Սպիտակ, այդ նույն հրապարակում հանրահավաք անցկացնում եւ ընտրողներին խնդրում վստահել իրենց:

Հանրահավաքից հետո Ռոբերտ Քոչարյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը եւ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քայլել են դեպի 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշարձանը, ծաղիկներ դրել եւ հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Ավերիչ երկրաշարժի զոհ դարձան Լոռու եւ Շիրակի մարզերի ավելի քան 25 հազար բնակիչներ: Մինչ այժմ բնակարանով ապահովման խնդիրն ամբողջությամբ լուծված չէ: