Այլ ուժերի հետ համագործակցություն կարող է լինել այն դեպքում, երբ մեր առաջարկած ազգային համաձայնության կառավարությունը կյանքի կոչենք:  Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին «Լուսավոր Հայաստանի» քարոզչության շանամանակ նշեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Մենք ասում ենք, որ որեւէ մեկի համար աթոռ չենք նախապատրաստելու եւ աթոռ չենք նվիրելու: Մենք ասում ենք, որ եթե տեսնում ենք, որ կան քաղաքական ուժեր, որոնք ունեն խելոք գլուխներ, պրոֆեսիոնալ մարդիկ, մենք նրանց ենք համախմբելու»,-ասաց նա:

Հարցին, թե ում են տեսնում այդ ազգային համաձայնության կառավարության վարչապետ, Սամսոնյանը պատասխանեց. «Դա չենք կարող ասել, որովհետեւ մենք չգիտենք, թե ինչ հարաբերակցությամբ են քաղաքական ուժերը մտնելու խորհրդարան: Մենք տեսնում ենք նաեւ ռիսկեր, որ կարող է լինել երկրորդ փուլ, ինչը կարող է էլ ավելի մեծ ցնցումների տանել: Դրա համար մենք մարդկանց ասում ենք՝ մի տվեք ձայն երկու բեւեռներին՝ նախկիններին ու ներկաներին, որոնք կարող են ցնցումներ առաջացնել եւ որոնք կարող են աթոռակռվի համար երկիրը տանել երկրորդ փուլի պրոցեսների»:

ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն էլ հավելեց, որ խոսքն այն մասին չէ, որ կարող են հաշտեցնել Փաշինյանին եւ Քոչարյանին, այլ այն մասին է, որ  որ «Լուսավոր Հայաստանը» կունենա այնքան ուժ, որ կկարողանա չեզոքացնել այդ երկուսին, որ նրանք չդառնան վարչապետ, քանի որ դա բերելու է հանրային բախումների, ատելությանք արոզի շարունակության:

«Մեր վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, բայց խորհրդարան անցնելուց հետո մենք պատրաստ ենք քննարկումների»:

Անի Սամսոնյանը նշեց, որ տեղեկացել է, որ Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժերը հունիսի 20-ից հետո նախատեսել են հանրահավաքներ եւ այդ հարցով դիմել են քաղաքապետարան,ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրի հաղթանակի դեպքում՝, մյուս ուժը իր համակիրներին դուրս է բերելու փողոց. «Եթե հիմա որեւէ մեկը կարդարանա, թե դա հաղթանակը նշելու համար է, ես կասկածում եմ, որովհետեւ մի քանի օր շարունակ հաղթանակ չեն նշում: Դա հարսանիք չէ, որ 7 օր 7 գիշեր պետք է քեֆ անեն: Սա հստակ ազդակ է, որ այս բեռեւները երկիրը տանելու են ապակայունացման»: