Թոլակ շրջանը Աֆղանստանի կենտրոնական Գոր նահանգում անցել է թալիբների ձեռքը ուրբաթ գիշեր անվտանգության ուժերի հետ դաժան բախումներից հետո, տեղեկացնում է Tolo News-ը։

Թոլակի նահանգապետ Սալման Յուսուֆին հայտարարել է, որ անվտանգության ուժերի առնվազն 20 աշխատակից սպանվել է, եւս 20-ը՝ վիրավորվել այդ շրջանում տեղի ունեցած բախումների հետեւանքով։ Առնվազն 10 ուժային առեւանգվել է թալիբների կողմից։

Յուսուֆին չի հաստատել շրջանը թալիբներին հանձնելու փաստը, բայց քննադատել է համապատասխան պաշտոնյաների անբավարար ուշադրությունը տեղերում զինված ուժերին տեխնիկա մատակարարելու հարցում։ Տեղի պաշտոնյաները որեւէ կերպ չեն մեկնաբանել այս հաղորդագրությունը։

Թալիբները հայտարարել են, որ շաբաթ առավոտյան զավթել են Զարե շրջանը։ Բացի նշված շրջաններից՝ աղբյուրները եւ պաշտոնատար անձինք առայժմ հաստատել են, որ վերջին երկու ամսում գրոհայինները զավթել են առնվազն 17 շրջանների կենտրոնները։