Ուրբաթ երեկոյան Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մեկ մարդ է զոհվել, ութը վիրավորվել են, հաղորդում է NBC-ն:

Սավաննայի ոստիկանության ներկայացուցիչ Բիանկա Ջոնսոնն ասել է, որ վիրավորների մեջ կա երկու անչափահաս՝ 2 տարեկան երեխա, որի ոտքն է վիրավորվել, եւ 13-ամյա դեռահաս: Ոստիկանությունը հայտարարել է, որ երեխաների ստացած վնասվածքները կյանքի համար վտանգավոր չեն։ Սակայն փոխհրաձգության մյուս զոհերը ստացել են ավելի լուրջ ու նույնիսկ ծանր վնասվածքներ, նրանցից մեկը տեղում մահացել է:

Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 21:00-ի սահմաններում՝ Hitch Village/Fred Wessels Homes կոչվող բնակելի համալիրում: Ոստիկանությունը լրացուցիչ մանրամասներ դեռ չի հայտնել, եւ պարզ չէ՝ հաջողվե՞լ է արդյոք բռնել հարձակվողներին։