Քոռնուոլում գտնվող՝ իր առաջին օտարերկրյա ուղեւորությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում անցկացնող Ջո Բայդենը խոստացել է մամուլի ասուլիս անցկացնել բոլոր բանակցություններից հետո, տեղեկացնում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը։ Այս մասին գրում է BBC News-ը։

Ջո Բայդենը Քոռնուոլում է որպես ԱՄՆ նախագահ իր առաջին օտարերկրյա ուղեւորության շրջանակում։ Նա բավական լարված ժամանակացույց ունի, տեղեկացնում է պարբերականը։

Անգլիայում G7-ի գագաթաժողովից նա երկուշաբթի կուղեւորվի Բրյուսել՝ ՆԱՏՕ գագաթաժողովին։ Այնուհետեւ չորեքշաբթի կանցկացնի Ժնեւում՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Բայդենը հայտարարել է, որ անհատական մամուլի ասուլիս կտա բանակցություններից հետո, քանի որ դա է «պատշաճ ձեւաչափը ազատ մամուլի հետ բարձրացված թեմաների շուրջ հստակ շփման համար»։

Քաղաքական գործիչը նաեւ ասել է, որ բանակցությունները, ինչպես սպասվում է, «բավական անկեղծ» են լինելու։

Թեմաների կարճ ցանկը ներառում է սպառազինությունների վերահսկողությունը, կլիմայի փոփոխությունը, ռուսական ռազմական մասնակցությունն Ուկրաինայում, ռուսական կիբեռհաքերային գործունեությունը, ներառյալ SolarWinds գրոհը ԱՄՆ կառավարական եւ մասնավոր համակարգչային ցանցի դեմ 2020թ., ինչպես նաեւ ռուս այլախոհ Ալեքսեյ Նավալնու թունավորման փորձն ու բանտարկությունը։