Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 12-ին, բավարարել է Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։

NEWS.am-ի տեղեկություններով՝ կալանավորված անձը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանն է։

Նշենք, որ ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Ա.-ն, ընդգրկված լինելով կուսակցության պատգամավորի թեկնածուների ցուցակում եւ համակարգելով Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի հետ, համաձայն նախապես կազմված ցուցակի, 2021թ. հունիսի 9-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի մի շարք ընտրողների տվել է 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: