Այսօր տեղի է ունեցել մի տհաճ միջադեպ, որը մենք դիտարկում ենք ոչ թե պատահականություն, այլ ուղղորդված քաղաքականություն Հանրային հեռուստաընկերության կողմից: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքը Հանրային հեռուստաընկերություն է ներկայացրել իր նախընտրական քարոզչական հոլովակը, ինչպես մնացած բոլոր ուժերը, որոնք օգտվում են Հանրայինի կողմից տրամադրված անվճար ու վճարովի եթերաժամից: Այս միջադեպն առաջինը չէ, առաջինը եղել է երեկ: Այսօր հերթական անգամ Հանրային հեռուստաընկերությունը հորինված պատճառներով մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզչական տեսահոլովակների հեռարձակումը, ինչը պարտավոր է անել օրենքով, պարտավոր է անել այն պայմանագրով, որը կնքված է մեր նախընտրական շտաբի հետ, որի համար վճարված է ամբողջությամբ՝ ինչպես մեր քաղաքացիների մուծած հարկերից, այնպես էլ մեր նախընտրական հիմնարկի կողմից»,-հայտարարեց Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ այսօրվա տեսահոլովակում հատվածներ կան Սերժ Սարգսյանի մի շարք ելույթներից, որտեղ, մասնավորապես նա խոսում է այն մասին, որ շուտով կազինոնների մասին ստերը մտցվելու են նրա բերանը. «Բոլորը տեսել են դա: Հանրային հեռուստաընկերության ցենզորներն այդ հատվածի պատճառով մերժել են մեր տեսահոլովակի հեռարձակումը:

Երկրորդ պատճառն այն է, որ այս տեսահոլովակում կար նաեւ հատված, որը վերաբերում է Հայաստանի ամենաատելի օլիգարխ Գռզոյին (Խաչատուր Սուքիասյան - խմբ), որը հանգրվանել է վիժվածքի, ուսապարկերի ցուցակի 5-րդ համարում: Այնտեղ կար հատված, որ Գռզոն Հայաստանի ամենաատելի օլիգարխն է:

Եթե առաջին հատվածը Հանրայինը մերժել է որպես իբր վիրավորանք, երկրորդը մերժել է որպես զրպարտություն:

Տարակուսելի է, որ Հանրային հեռուստաընկերությունն իրեն դրել է դատական իշխանության տեղ ու ինքն է որոշում՝ այս կամ այն դրվագը պարունակո՞ւմ է վիրավորանք, թե՝ ոչ, պարունակո՞ւմ է զրպարտություն, թե՝ ոչ և ինքն է որոշում՝ արդյոք այս կամ այն քաղաքական ուժը կարո՞ղ է օգտվել իր ազատ խոսքի իրավունքից և հանրությանը հասցնել քաղաքական գնահատականներ այս կամ օդիոզ կերպարի մասին՝ վիժվածք վարչապետից մինչև օլիգարխ Գռզո»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Աշոտյանն ասաց, որ այս ամենն ունի նաև շարունակություն. «Հանրային հեռուստաընկերությունը նշանակել է ինչ-որ իրավաբանի, որի հետ մեր շտաբի իրավաբանները պետք է բանակցեին, բացատրեին, որ Հանրայինը չունի իրավունք որակելու այս կամ այն կերպ մեր քարոզչական հոլովակներն ու բոլորի համար ակնհայտ է, որ այս գործը դատական իշխանության գործն է: Որ Հանրային պարտականությունն է անխափան հեռարձակել մեր տված տեսահոլովակները, որոնց համար վճարված է իմ աշխատավարձից՝ որպես ՀՀ քաղաքացի, և նաև մեր հիմնադրամի միջոցներից:

Հանրայինի այս պահվածքը պարզապես զարհուրելի է, հատկապես երբ հաշվի ենք առնում այն, որ օլիգարխ Գռզոն իր տարաբնույթ մանկլավիկների միջոցով Հանրայինի վրա ունի հստակ ազդեցություն: Այդ մանկլավիկները նույնպես վիժվածքի նախընտրական ցուցակում են:

Իմ ունեցած տեղեկություններով եւ վիժվածք Փաշինյանը, եւ Գռզոյի մանկլավիկները ճնշում եմ գործադրել Հանրայինի վրա, որ Փաշինյանի ու Գռզոյի վերաբերյալ հատվածները եթեր չգնան: Հանրայինը, քիչ է, որ վերջին 7 ամիսներին վերածվել է «Ազեր TV»-ի, հիմա նաև «ԳՌԶՈ TV» է աշխատում և ընտրողաբար խափանում է քաղաքական ուժերի, այս դեպքում «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավն ու ազատ խոսքի իրավունքը»,-հայտարարեց Աշոտյանը:

Նա նաեւ հավելեց, որ դրանից մեկ օր առաջ նմանատիպ մի պատրվակով իրենց խնդրել էին փոխել տեսահոլովակը, որտեղ Սերժ Սարգսյանը տեսահովովակում ասում է, տո այ անասուն»: «Հետաքրքիր է, որ Հանրայինը հասկացել է, որ դա վերաբերում է Նիկոլին, թեպետ նրա անունը չկար: Մենք չուզենալով սրել իրավիճակը, մենք գնացինք զիջման եւ համաձայնել ենք, որ «անասուն» բառը կտրվի: Բայց այսօր տեղի ունեցածից հետո չենք պատրաստվում լռել: Այսօօր մենք քաաղաքական գովազդ չենք հեռարձակելու Հանրայինի եթերում Հանրայինի պատճառով, որովհետեւ նա մերժել է մեր հոլովակի ընդունումը: Մենք սա գնահատում ենք որպես օլիգարխոկրատիայի դրսեւորում, որպես Հանրայինի Նիկոլ Փաշինյանի գրպանում ծվարած մի ոջիլի գոյություն, որպես Հնարայինի կողմից խտրական, հակաժողովրդավարական քաղաքականության իրականացում»,-ասաց նա:

Աշոտյանը նկատեց, որ «օլիգարխ Գռզոյի» զանգով Հանրայինը փոխում է եթերային քաղաքականությունը: «Փաստորեն նրանք դիտավորյան խոչընդոտում են մեր քարոզարշավը: Սա ակնհայտ ցենզուրա է, սելեկտիվ մոտեցում, խոչընդոտ, ինքնիրավչություն, օլիգարխոկրատիա: Այս 5 պիտակները ես ճպպացնում են Հանրայինի ճակատին»:

Աշոտյանը նկատեց, որ երեք օր առաջ ՔՊ-ականները բաց տեքստով քաղաքական գովազդ են թողարկել, որտեղ իրենց անվանում է ռոբասերժական խունտա, մեղադրում են Հոկտեմբերի 27-ի մեջ, եւ Հանրայինում ոչ ոք դա զրպարտություն կամ վիրավորանք չի համարել:

«Այսօր մեր շտաբը հրավիրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին եւ ես շնորհակալ եմ, որ նրանք օպերատիվ արձագանքել են: Երբ որ ստանանք գրավոր բացատրություն այսօրվա միջադեպի, Դաշինքը քննարկելու է դատարան դիմելու հեռանկարները»,-ասաց նա: