Ուկրաինան ԱՄՆ-ից 150 միլիոն դոլարի ռազմական օգնության երկրորդ փաթեթը կստանա, հունիսի 11-ին հայտարարել է Պենտագոնը: Վաշինգտոնի որոշումը «ժամանակին ու հիմնավորված է»,- շաբաթ օրը, հունիսի 12-ին, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը, գրում է DW-ն:

Նրա խոսքով՝ ուկրաինական բանակի զինանոցը, ի թիվս այլ բաների, կհամալրվի հակամարտկոցային ռադարներով, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներով, անվտանգ կապի եւ ռազմի դաշտից վիրավորներին տարհանելու սարքավորումներով:

Տարանը նշել է, որ 2014 թվականից Ուկրաինան գրեթե 2,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է ստացել ԱՄՆ-ից: Նախարարը կարեւորել է ԱՄՆ-ի դիվանագիտական, քաղաքական եւ ֆինանսական աջակցությունը:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը ռազմական օգնության տրամադրումը բացատրել է նշանակալի առաջընթացով, որը Ուկրաինան գրանցել է պաշտպանական բարեփոխումների ոլորտում: Պենտագոնը 125 միլիոն դոլար արժողությամբ օգնության նախորդ փաթեթի մասին մարտին էր հայտարարել:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 16-ին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը մտադիր է պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, նշել է Սպիտակ տունը: