Եթե ցանկանում եք, որ պետական համակարգն աշխատի ժամացույցի պես, վստահեք մեզ: Այս մասին Վանաձորում կայացած հանրահավաքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Խոսում են իմ նախագահության տարիներին բռնապետության մասին: Միգուցե այդ ժամանակ նման ինչ-որ բան եղել է, բայց միայն պետական կառավարման հանդեպ: Եթե խնդիր է դրված, այն պետք է կատարել: Պետք է ծրագիր իրականացնել` ճղվիր, բայց իրականացրու ծրագիրը: Պատասխանատվության բռնապետություն: Ինչը հիմա բացարձակապես չկա: Բռնապետություն ընդդեմ ստի: Ոչ մի պաշտոնյա չի կարող ստել: Ես այդ գործը լավ եմ անում: Մենք գալիս ենք, որպեսզի բերենք արժանապատիվ խաղաղություն, վերականգնենք բանակը, պաշտպանենք սահմանները, ապահովենք տնտեսական աճ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Նա հայտնեց, որ իր թիմի ծրագիրում Վանաձորը լուրջ զբոսաշրջային կենտրոնի վերածելն է: «Ինձ ասացին, որ կա մի սար, որը երկրորդ Ծաղկաձոր կարող է դառնալ: Չգիտեմ։ Բայց եթե ներուժ կա, ներդրողներ կգտնենք եւ կփորձենք ստեղծել երկրորդ լեռնադահուկային կենտրոն»,- հայտարարեց նախկին նախագահը: Քոչարյանը հիշեցրեց, որ իր նախագահության տարիներին ինքը հսկայական կարեւորություն էր տալիս փոքր բիզնեսի զարգացմանը` ՀՆԱ-ի 46%-ին: Այն պետք է դառնա տնտեսության հիմքը, հավելեց նախկին նախագահը: