Ալավերդու կոմբինատը պետք է աշխատի բնապահպանական չափանիշները պահպանելով: Այս մասին Ալավերդու բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Բնակչության մի մասն ասում է, որ էկոլոգիան ավելի կարեւոր է: Մյուսները խոսում են աշխատատեղերի մասին: Կոմբինատը բացվել է իմ ժամանակ, մինչ այն կանգնած էր: Լուծումը պարզ է: Ներդնել համապատասխան տեխնոլոգիաներ` օդը ստանդարտների սահմաններում պահելու համար: Ավելի շատ ծախսել մաքրող սարքերի վրա եւ լուծեք խնդիրը: Ինձ զարմացնում է, թե ինչու պետությունը չի խաղացել իր դերը: Պետությունը պետք է մասնակցի հարցերի լուծմանը: Փակելը հեշտ է, որ մյուս մասին հաճոյանաս: Բայց սա ելք չէ: Կոմբինատը պետք է աշխատի: Բայց այնպես, որ բնապահպանական խնդիրներ չծագեն: Կարծում եմ, որ դրա համար 1-1,5 միլիոն դոլար կպահանջվի: Սա այն հարցը չէ, որ պետք է մտածել: Խոսքը կոմբինատի 400 աշխատակիցների մասին է: Պետությունն ինքը կարող էր օգնել, որպեսզի մարդիկ չզրկվեն աշխատանքից»,- ասաց նախկին նախագահը:

Նա նշեց, որ տարածաշրջանն ունի վիթխարի զբոսաշրջային ներուժ: Այս ոլորտի զարգացման համար անհրաժեշտ են լավ ճանապարհներ եւ պետության աջակցությունը փոքր բիզնեսին: «Փոխարենը, մեկ տարի առաջ Վանաձորում փակեցին փոքր բիզնեսի աջակցության կենտրոնը: Այստեղ կենտրոնի աշխատողները 220 000 դրամ էին ստանում։ Հիմա Երեւանում են կենտրոն բացել եւ իրենց 1 միլիոն դրամ աշխատավարձ նշանակել»,- նշեց Քոչարյանը: