Նիկոլ Փաշինյանի թիմը իր խոստումներից ոչ մեկը չի կատարել, եւ, ի հավելումն, դարձել է Արցախի 75%-ի կորստի, 5000 զոհերի եւ 11 000 վիրավորների պատճառ: Այս մասին Ալավերդու բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց «Ագորայի» մասին, Փաշինյանի խոստման մասին, որ Արցախի վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվի առանց հրապարակում քննարկման: Արդյունքում փաստաթուղթը միանձնյա ստորագրվեց: Անգամ նրա թիմը չգիտեր փաստաթղթի ստորագրման մասին: Տնտեսական աճի փոխարեն ինֆլյացիան այնպիսին է, որ նրանք կերել են նույնիսկ կուտակվածը: Գործազրկությունը, բնակչության արտահոսքը զգալիորեն աճել է, բնակչության եկամուտները նվազել են:

««Հարուստներից վերցնել եւ բաժանել» կարգախոսն ամենահանրահայտն էր՝ քանի՞ նման դեպք է ձեզ հայտնի: Եթե գիտեք, նշեք գոնե մեկը: Չի եղել ոչ մեկը: Բայց նայեք նրանց ցուցակներին՝ օլիգարխներ կան նրանց ցուցակներում: Դա նշանակում է՝ կիսել են: «Ժողովրդի իշխանության» եւ օլիգարխիկ համակարգի նոր եղբայրություն:

Խոսում էին արդարության մասին, նույնիսկ հեծանիվ էին քշում: Հիմա շենքից շենք տեղափոխվելու համար 2000 ոստիկան է պահպանում նրա անձը: Ուղեւորության ժամանակ 30 մեքենա է ուղեկցում, ավտոբուսներ: Ո՞վ գիտի, թե որքան գումար է ծախսվում մի մարդու անվտանգությունն ապահովելու համար: Եթե ուզում էին ժողովրդի հետ լինել, պետք է մնային իրենց տներում: Բայց՝ ոչ, քանի որ դուրսպրծուկների պես անմիջապես վազեցին ամառանոցներ, եւ վերանորոգումն էլ նրանց դուր չեկավ, վերանորոգման վրա 2 միլիոն ծախսեցին:

Մենք պատրաստվում ենք կառավարական ամառանոցները վերածել վերականգնողական կենտրոնի: Անդրանիկ Մարգարյանը, լինելով վարչապետ, ապրում էր Ավանի իր տանը եւ կիրակի օրերին նարդի էր խաղում հարեւանների հետ: Եղել են խոսնակներ, ովքեր ապրել են իրենց տներում եւ չեն գոռացել, որ ժողովրդի հետ են»,- հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանը:

Նա նկատեց, որ իշխանություններն անվերջ կրկնում են նույն սխալները: «Կան մարդիկ, ովքեր անվերջ նույն փոցխն են տրորում: Եւ իմ տպավորությունն այն է, որ դա արվում է միտումնավոր: Եւ հեռակառավարման վահանակն այլ տեղում է: Այնպիսի մի տեղ, որտեղ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի բարգավաճման մասին, այլ՝ աշխարհաքաղաքական շահերի մասին: Որտեղ պետք է թույլ Հայաստան»,- եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը: