Կոտրված բանակ, սպառազինության հսկայական կորուստներ, սահմանները պաշտպանված չեն՝ այս պայմաններում ՀՀ իշխանությունները կրճատում են բանակի ֆինանսավորումը: Ինչո՞ւ՝ ինձ համար հասկանալի չէ: Պետք է անել ճիշտ հակառակը: Այս մասին Ալավերդու բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է մի քանի տարի տեմպով վերականգնել բանակի մարտունակությունը: Բանակը համալրել, ուժեղացնել պայմանագրային հատվածը, 3 տարում համալրել սպառազինությունը: «Վստահ եմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ մեր դաշնակիցների հետ եւ ամրապնդել Ռուսաստանի հետ պայմանագիրը: Մեր թիմում կան շատ պրոֆեսիոնալ եւ փորձառու զինվորականներ: Եւ ես կապեր ունեմ, որոնց օգնությամբ կկարողանանք արագորեն համալրել կորցրած սպառազինությունը»,- նշեց Քոչարյանը:

«Փաշինյանը նպատակային հանքահատ մուրճով կոտրեց բանակը: Երկրորդ հարվածը հասցվեց կրթությանը, երրորդը՝ եկեղեցուն: Վերացրեցին մշակույթի նախարարությունը: Նպատակները ճիշտ էին՝ կոտրել բանակը՝ որպես անվտանգության ողնաշար, վնաս հասցնել կրթությանը՝ որպես պետության եւ ազգային արժեքների կարեւորագույն ինստիտուտի: Մենք կվերադարձնենք դա»,- հավաստիացրեց Քոչարյանը:

Որպես մասնավոր օրինակ, նա բերեց դպրոցներում փոփոխված ուսումնական ծրագիրը: «Իմ թոռները սովորում են դպրոցում: Երբ դասագրքում կարդում են, որ Քոչարյանն այս ու այն բանն է արել... Գրում են իրենց հեղափոխության՝ որպես պատմական իրադարձության մասին, կարծես դա 300 տարի առաջ է եղել, եւ պատմությունը հաստատել է դրա արժեքը: Մի ամբողջ սերունդ թունավորված է»,- հայտարարեց նախկին նախագահը: