Իրանը չի շտապում գործարք կնքել. 2015 թվականի միջուկային գործարքի վերսկսման շուրջ Վիեննայի բանակցություններից հետո վերջնական համաձայնությունը պետք է համապատասխանի Թեհրանի չափանիշներին եւ սկզբունքներին: Բանակցությունների վեցերորդ փուլի ավարտին լրագրողներին ասել է Վիեննայի բանակցություններում իրանական կողմի գլխավոր բանակցողը՝ արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին:

Արաքչին շեշտել է, որ իր թիմը ձգտում է «լավ ու հարմար համաձայնության» հասնել Իրանի համար: «Մենք չենք շտապում եւ ժամանակ չենք կորցնում այս գործընթացում», - ասել է նա: «Կարեւոր է, որ ցանկացած համաձայնագիր համապատասխանի Իրանի Իսլամական Հանրապետության չափանիշներին եւ սկզբունքներին», - շեշտել է Արաքչին: «Ժամանակն է, որ մյուս կողմերը որոշում կայացնեն: Մենք արդեն բարդ որոշումներ ենք կայացրել եւ մնացել ենք ԳՀՀԾ-ում: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները, քանի դեռ նրանք (մյուս կողմերը) որոշում չեն կայացրել», - հայտարարել է նա:

Անդրադառնալով բանակցությունների նոր փուլին՝ Իրանի փոխնախարարն ասել է, որ փորձագետների մակարդակով հանդիպումները սկսվել են ԳՀՀԾ համատեղ հանձնաժողովի նիստից անմիջապես հետո: Արաքչին հավելել է, որ բանակցությունները շարունակվելու են հաջորդ օրերի ընթացքում, մինչեւ կողմերը եզրակացություն գան ու ունենան «վերջնական համաձայնագրի գրեթե ամբողջական տեսլականը»: