Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն տուգանվել է հասարակական վայրում դիմակ չկրելու համար՝ խախտելով Սան Պաուլո նահանգի կառավարության կորոնավիրուսային սահմանափակումները: Բոլսոնարոն տուգանվել է 110 դոլարով, հայտնել է Associated Press-ը:

Բրազիլիայի նախագահը կարծում է, որ նրանք, ովքեր լիովին պատվաստված են, չպետք է դիմակ կրեն: «Նրանք, ովքեր դեմ են այս առաջարկին, չեն հավատում գիտությանը, քանի որ պատվաստվելու դեպքում վարակը չի կարող փոխանցվել», - ասել է նախագահը:

Անցյալ ամիս Բոլսոնարոն տուգանվել է մեկ այլ նահանգի կառավարության կողմից եւս՝ կորոնավիրուսի տեղական կանոնները չպահպանելու համար:

Բրազիլիան պայքարում է COVID-19-ի տարածումը զսպելու համար: Առողջապահության ոլորտի շատ մասնագետներ խորհուրդ են տալիս չհրաժարվել դիմակներից, քանի դեռ բնակչության մեծ մասը ամբողջությամն պատվաստված չէ:

Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրի բնակչության 12 տոկոսից պակասը ամբողջովին պատվաստված է:

Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 17,3 միլիոն դեպք եւ ավելի քան 484.000 մահ: