Այս ընտրություններում պարզ հաղթանակ անհրաժեշտ չէ։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, Նոր Հաճնում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ այս ընտրություններում անհրաժեշտ է առնվազն 63% ընտրողների քվե։ Եվ դա հնարավոր է այն պարագայում, եթե այս ընտրությունները դառնան իրոք ժողովրդական շարժում։ Եվ ես ամեն օր տեսնում եմ, որ Հայաստանում թափ է առնում ոչ բռնի, ժողովրդական, բայց պողպատյա հեղափոխությունը։ Եվ մենք պողպատյա մանդատով յուրաքանչյուրին ցույց ենք տալու իր արժանի տեղը»,- նշեց նա։

Փաշինյանը ցույց տվեց Եղվարդում նվեր ստացած պողպատե մանդատը՝ նշելով, որ այն շատ կարևոր սիմոլ է. «Սրանով ում պետք է հանել՝ հանել, ում պետք է մխել՝ մխել, որտեղ պետք է կառուցել՝ կառուցել»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ մի ժամանակ իրենք էին մարդկանց դուխ տալիս, հիմա մարդիկ են իրենց դուխ տալիս։

«Ուզում եմ ասել՝ քարոզարշավի առաջին 6 օրվա ընթացքում մեր դուխի բոլոր տարաները լիցքավորվել են մինչև վերջ, 100 տոկոս: Հիմա մեր դուխը հնարավոր լինի չափել, որ հեռախոսի վրա գրվում է՝100 տոկոս charged, հիմա մենք այդ վիճակում ենք: Բայց այս նոր փուլում պետք է այստեղ ձևավորված էներգիան մտցնեք բակերը, տները, մենք էլ էներգիայի տեղ չունենք։ Կոչ եմ անում՝ մտեք ձեր հարևանների տները ու այս լիցքով լիցքավորեք նրանց, որովհետև այսօր Հայաստանում լիքը հուսահատված մարդ կա»,- ավելացրեց Փաշինյանը: